Շանն առանց դնչկալի կամ վզկապի զբոսանքի տուգանքները խստացվում են

Բաց տարածքում շան հետ առանց դնչկալի կամ վզկապի զբոսանքի տուգանքները խստացվում են։ Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մաիա Բիթաձեն խոսել է նախատեսվող փոփոխության մասին։

Նախաձեռնությունը գրանցվել է այսօր՝ մայիսի 8-ին, խորհրդարանի բյուրոյի նիստում։

Բիթաձեի խոսքով, օրինագիծը փոփոխություն է ներառում Վարչական իրավախախտումների օրենսգրքում, ըստ որի` շանն առանց դնչկալի կամ վզկապի զբոսնելու համար 20 լարի տուգանքը կբարձրանա մինչև 150 լարի, իսկ մեկ տարվա ընթացքում նույն գործողությունը կրկնելու դեպքում` կդառնա 300 լարի:

«Գործող օրենսդրության համաձայն` տուգանքն այնքան փոքր է, որ տերերի համար կանխարգելիչ նշանակություն չունի իրենց շներին դնչկալով կամ վզկապով զբոսանքի տանելիս: Գործող օրենսդրության համաձայն` այդ երկու պայմանը կա, որ պետք է պահպանվի նախքան ընտանի կենդանուն բաց տարածք տանելը»,- ասել է Բիթաձեն:

Ի դեպ, խորհրդարանի շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովն աշխատում է «Ընտանի կենդանիների պոպուլյացիայի կառավարման մասին» օրենքի նոր նախագծի վրա։