Ըստ 45 տոկոսի՝ ապաօլիգարխիզացիայի առաջարկը Իվանիշվիլիին է հասցեագրված

Բրիտանական հետազոտական ZINC network-ի պատվերով Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC-Georgia) անցկացրած նոր հարցման համաձայն՝ Վրաստանի բնակչությունը համարում է, որ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու հիմնական խոչընդոտներն են երկրի թույլ տնտեսությունը, ներքաղաքական բևեռացումը և ժողովրդավարության անկումը։

Հարցին, թե ինչն է խանգարում Վրաստանին` ստանալ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, հարցվածների 17 տոկոսը նշել է թույլ տնտեսությունը, 15 տոկոսը՝ բևեռացումը, իսկ 13 տոկոսը` ժողովրդավարության անկումը։

Ըստ նույն հետազոտության արդյունքների՝ հարցվածների 43 տոկոսը կարծում է, որ իշխող կուսակցությունը բավարար քայլեր չի ձեռնարկում Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ, իսկ 25 տոկոսը հակառակ կարծիքի է։

Հետազոտության շրջանակներում քաղաքացիներին հարցրել են նաև, թե՝ 12 առաջնահերթությունների շարքում ապաօլիգարխիզացիայի առաջարկով ո՞ւմ նկատի ունի ԵՄ-ն։ Հարցվածների 45 տոկոսը նշել է Բիձինա Իվանիշվիլիին, 9 տոկոսը՝ Դավիթ Կեզերաշվիլիին, 8 տոկոսը՝ Միխեիլ Սաակաշվիլիին, իսկ հարցվածների 37 տոկոսը պատասխանել է՝ «չգիտեմ»։

Հետազոտության համաձայն, Վրաստանի քաղաքացիների 23 տոկոսը եվրոպական ամենակարևոր արժեքը համարում է ազատությունը. 15 տոկոսը կրթությունն է համարել եվրոպական կարևորագույն արժեք, 11 տոկոսը՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, ևս 11 տոկոսը՝ ժողովրդավարությունը:

Հարցումն իրականացրել է CRRC Georgia-ն՝ Zinc Network-ի պատվերով:  Հետազոտության շրջանակներում իրականացվել է 2 757 դեմ առ դեմ հարցազրույց: Հարցումն անցկացվել է Վրաստանի ողջ տարածքում (բացի օկուպացված տարածքներից), 2023 թվականի հունվարի 11-ից փետրվարի 8-ը` վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն։ Հարցման սխալի միջին սահմանը +/- 2,4 տոկոս է:

Բացի այդ, CRRC Georgia-ն 2023 թվականի մարտի 10-14-ը Վրաստանի ողջ տարածքում 1 048 հարցվածների մասնակցությամբ հեռախոսային հարցում է անցկացրել վրացերենով, հարցման այս հատվածում սխալի միջին սահմանը 2,6 տոկոս է: