«Կորոնավիրուսային պատումներ». Հեռավար կրթության կազմակերպումը COVID 19-ի պայմաններում և առաջացած խնդիրները

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID 19) բռնկումը մեծ փոփոխություններ բերեց սոցիալական փոխհարաբերություններում և դրանց կազմակերպման գործընթացում։ Կրթական հաստատությունները ևս բացառություն չկազմեցին։

Կորոնավիրուսի տարածումով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը թե՛ ամբողջ աշխարհի, թե՛ Վրաստանի կրթական համակարգի համար դարձավ իսկական մարտահրավեր։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՅՈՒՆԵՍԿO-ի ղեկավարներն անմիջապես հայտարարեցին, որ աշխարհն այսօր առերեսվում է ոչ միայն առողջապահական, այլ նաև՝ կրթական լուրջ ճգնաժամի հետ, որը խորացնելու է առանց այդ էլ գոյություն ունեցող անհավասարությունները և խտրականությունը։ Փաստացի, մի այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ առկա ուսուցում այլևս հնարավոր չէր իրականացնել։ Պետք էր այս խնդրին շատ արագ լուծում տալ և ապահովել յուրաքանչյուր աշակերտի  և ուսանողների կրթության շարունակականությունն այլընտրանքային մոտեցումներով: Այստեղ օգնության եկան տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները: Ինչպես ասում են, ամեն ճգնաժամի մեջ պետք է փնտրել հնարավորություններ: Այս համաճարակը, իր ողջ բացասական հետևանքներով հանդերձ, կարծես դարձավ հեռավար ուսուցման լայնածավալ փորձարկումը ինչպես Վրաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Խոսելով խնդիրների մասին՝ մենք չենք կարող չխոսել վաղ ուսումնառության ու նախադպրոցական կրթության դադարի մասին։ Այսօր փակ են բոլոր մանկապարտեզներն ու նախադպրոցական հաստատությունները ևս, իսկ երեխաները, փաստորեն, բաց են թողնում իրենց զարգացման համար այդքան կարևոր կրթությունը։ Մասնավոր մանկապարտեզները փորձում են իրականացնել պարապմունքները հեռավար ռեժիմով, բայց հետագայում անհրաժեշտ է հեռավար պարապմունքներ մշակել նաև այս տարիքի երեխաների համար, հատկապես նախադպրոցական խմբի՝ նրանց սահուն անցումը տարրական դպրոց ապահովելու համար։

Թե՛ ուսուցիչների,  թե՛ աշակերտների և թե ուսանողների մեծամասնությունը տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու խնդիր ունեն։ Այս իրավիճակը ցույց տվեց, որ ճիշտ չէ այն կարծիքը, թե երիտասարդներն ավելի հմուտ են տեխնոլոգիաներից օգտվելու հարցում։ Ուսանելու համար թվային սարքավորումներից օգտվելուն նրանք, բնավ, պատրաստ չեն։ Թեկուզ ամենալավ կազմակերպված համակարգերում, եթե կա տեխնիկայի օգտագործման անհրաժեշտություն կամ հնարավորություն, թերություններից կամ տեխնիկական խնդիրներից ամբողջությամբ խուսափելը գրեթե անհնար է։ Առցանց ուսուցման գործընթացում էլ դասի հիմնական խոչընդոտներից է տեխնիկական թերությունները՝ ինտերնետ կապի ցածր որակը, որը հաճախ կտրտում է  ներկայացվող խոսքը, դուրս է թողնում համակարգից և այլն։ Ինչպես նաև պատահում են էլեկտրաէներգիայի անջատումներ, ինչի արդյունքում ստիպված ենք լինում դասը լրացնել մեկ այլ օր կամ մեկ այլ ժամի։ Հեռավար դասերի ընթացքում լինում են դեպքեր, երբ  ընտանիքում աղմուկ է լինում, որը խանգարում է ամբողջ դասապրոցեսին. դասի ժամանակ հնարավոր է լսել փոշեկուլի, բարձր միացրած հեռուստացույցի, կամ պարզապես աղմկող ընտանիքի անդամների ձայները։ Ինձ համար էլ մեծ դժվարություններ առաջացան հեռավար ուսուցման սկսվելու հենց առաջին օրից։   Դժվարությունների հաղթահարման գործում  ներգրավված են եղել իմ ընտանիքի անդամները։ Zoom հարթակը նոր գործիք էր ինձ համար, որը սովորելու, փորձարկելու համար ընտանիքիս անդամներից յուրաքանչյուրի համակարգչի/հեռախոսի մեջ ներբեռնել ենք հավելվածը, փորձարկումներ ենք արել մինչև դասապրոցեսի ընթացում այն կիրառելը։ Այսօր կարող եմ ասել որ, այլևս դժվարություն չի ներկայացնում հեռավար ուսուցումը։

Ամփոփելով, կարող եմ փաստել` չնայած այն հանգամանքին, որ COVID 19 համավարակը խաթարեց ուսումնական գործընթացի առօրեական գրաֆիկը և սովորական դարձած կրթական գործունեությունը, այնուամենայնիվ դրա արդյունքում կազմակերպված առցանց դասապրոցեսը հանրակրթության շարունակականությունն ապահովելու նպատակով ուներ թե’ իր առավելությունները և թե’ թերությունները։

Լենա Ճնավայան, 23 տարեկան

Ախալքալաքի գ. Կարտիկամ

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: