Խորհրդարանում այսօր նիստերը չեն կայանա

Վրաստանի խորհրդարանից հաղորդել են, որ այսօր՝ մայիսի 2-ին, խորհրդարանում նախատեսված միջոցառումները՝ բյուրոյի և լիագումար նիստերը, չեն կայանա։ Շենքում անվտանգության կարմիր մակարդակը կգործի մինչև մայիսի 2-ի ժամը 14:00-ն։

Հայտարարության համաձայն, միջոցառումների չեղարկման պատճառը «մայիսի 1-ին բողոքի ակցիայի մասնակիցների կողմից Վրաստանի խորհրդարանի պալատի վրա հարձակման հետևանքով խորհրդարանի շենքի և ենթակառուցվածքների կրած վնասներն են»: Այս պահին Վրաստանի խորհրդարանի պալատում՝ համապատասխան կառույցների հետ միասին, մաքրման և վերականգնման աշխատանքներ են ընթանում։

Կարմիր մակարդակի ժամանակ ոչ մեկի չի թույլատրվի մտնել Վրաստանի խորհրդարան, բացառությամբ այն անձանց, որոնց թույլ կտա խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը: Խորհրդարանի հաղորդագրության համաձայն՝ մայիսի 2-ին՝ ժամը 14:00-ից հետո, կդադարեցվի կարմիր մակարդակը, և կսկսի գործել դեղին մակարդակը, որի ժամանակ խորհրդարանի պալատ թույլ կտան մտնել միայն Վրաստանի խորհրդարանի աշխատակիցներին։

Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։

«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։