Ազգային փոքրամասնությունները նախընտրական շրջանում. գործոն, թե՞ գործիք

«Ալիք մեդիան» նախագահական ընտրություններին ընդառաջ փորձել է պարզել, թե ի՞նչ են խոստանում նախագահի թեկնածուները երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ քաղաքացիներին: Խոստումները սովորաբար նրանց ծրագրերում շատ են։

Թեկնածուներից ոմանք փոքրամասնությունների ներկայացուցիչներին խոստանում են, որ ամեն ինչ կանեն նրանց լիովին մասնակից դարձնելու երկրի կառավարման գործընթացներին, ոմանք օգտագործում են միջէթնիկ հակամարտության փաստը, մյուսները խոսելով փոքրամասնությունների լեզուներով, փորձում են այդպես շահել նրանց քվեները։

«Ցավոք սրտի մեզ հիշում են նախընտրական շրջանում՝ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններից առաջ: Վերջին 20 տարում, ամեն անգամ ընտրություններից առաջ, բոլորը սկսում են ակտիվանալ, սարեր-ձորեր խոստանալ, սակայն, հետո ամեն ինչ գնում է իր հունով», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը։

Նրա խոսքով, ազգային փոքրամասնություններն այդ շրջանում գործիք են դառնում, ոչ թե գործոն։ «Մեզ խոստանում են, որ մեր պատմամշակութային հուշարձանների հարցը կլուծեն, սակայն ամեն ինչ անփոփոխ է մնում»։

Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի ղեկավար Զաուր Խալիլովը մեր հարցին հարցով է պատասխանում.

«Արդյո՞ք դուք որևէ մի թեկնածուի ծրագիրը տեսել եք: Կարծում եմ՝ շատ թեկնածուներ պատկերացում չունեն նախագահի իրավասությունների մասին: Բացի այդ, հատուկ կետ էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ հիմնականում չունեն: Եթե այցելում են էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջան, փորձում են որևէ բան ասել, սակայն դա  հիմարություն է դառնում. ավելի լավ է՝ ոչինչ չասեն»,- ասում է Խալիլովը:

Անդրադառնանք նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին: Ներկայացնում ենք նախագահի թեկնածու Դավիթ Ուսուփաշվիլիի ծրագրից մի հատված: «Կառուցման շարժում» կուսակցությունից առաջադրված թեկնածու Ուսուփաշվիլիին աջակցում են «Ազգային ֆորում» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները:

«Ինձ համար գլխավոր արժեքը մարդն է, նրա ազատությունն ու իրավունքը: Պետության կողմից ավելի շատ ուշադրության կարիք ունեն այն խմբերը, որոնք սեփական իրավունքներն իրականացնելու համար լրացուցիչ խոչընդոտներ հաղթահարելու կարիք ունեն: Ազգային, կրոնական և մյուս փոքրամասնությունները հենց այսպիսի, գրեթե անխուսափելի խոչընդոտների են հանդիպում, որի պատճառով պետք է նրանց մասին հոգ տանել: Ինչ վերաբերում է նրանց ներգրավվածությանը պետական-քաղաքական կյանքում, սա ոչ ավել, ոչ պակաս, մեր պետականության, ամենանախանձելի հատվածն է: Նախագահի մակարդակով 10-ամյա ծրագիր պետք է մշակվի, որը կապահովի ազգային և կրոնական փոքրամասնությունների մասնակցությունը երկրի կառավարման գործընթացում»։

Միավորված ընդդիմության աջակցությունը վայելող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն վստահեցնում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ մեծ աշխատանք է տանելու։

«Վրաստանը բազմազգ և բազմակրոն երկիր է, ինչով մենք հպարտանում ենք: Վրաստանի բոլոր քաղաքացիները անկախ իրենց կրոնական կամ էթնիկ պատկանելությունից հավասար են։ Ցավոք, նրանց հանդեպ անհավասարության, խտրականության դեպքերը վերջին շրջանում ավելացել են»:

Վաշաձեն կարծում է, որ նախևառաջ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում պետք է ուժեղացնել վրացերեն լեզվի ոսուցումը՝ արագացնելով նրանց  ինտեգրման գործընթացը: «Անպայման պետք է ուժեղանա «4+1» ծրագիրը, որը վերջին ժամանակների ամենահաջողված նախագծերից մեկն է դարձել: Այս նախագիծը հազարավոր էթնիկ փոքրամասնությունների բարձրագույն ուսում ստանալու հնարավորություն է տվել»,-նշում է նա:

Լեյբորիստական կուսակցության նախագահի թեկնածու Շալվա Նաթելաշիլին ևս անդրադառնում է ազգային փոքրամասնություններին. «Բոլոր կրոնական, ազգային և սեռական փոքրամասնությունները հավասար են օրենքի առջև։ Նրանց իրավունքները մեծամասնության հետ միասին պետք է պաշտպանված լինեն»:

«Գիրչի» (թարգմանաբար՝ կոն) կուսակցության թեկնածու Զուրաբ Ջափարիձեն ազգային փոքրամասնությունների քվեները ստանալու համար վերջերս իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր էր հրապարակել, որտեղ խոսում էր նրանց լեզուներով: Ջափարիձեն բոլորին հավասարապես ազատություն է խոստանում:

Ինչ վերաբերում է «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, նա Սամցխե-Ջավախեթի իր այցի ընթացքում հայտարարել էր. «Վրաստանի քաղաքացին պետք է առնվազն իմանա տարրական վրացերեն և Վրաստանի պատմությունը: Իշխանությունները պետք է հոգ տանեն, որ  ազգությամբ հայ քաղաքացիները տիրապետեն պետական լեզվին և ինտեգրվեն երկրի հասարակական ու քաղաքական կյանքում»։

Զուրաբիշվիլին հայտարարել է նաև, որ «նախկին նախագահներից մեկը (նկատի է ունեցել Միխեիլ Սաակաշվիլիին, խմբ․), որի ներկայացուցիչն այսօր իմ մրցակիցներից է, քաղաքացիություններ է շնորհել թուրքերին, սակայն ձեզ չի շնորհել քաղաքացիություն»: