«Հանուն անվտանգ և հզոր Վրաստանի»՝ սա է եղել օգոստոսի 1-ի «Շաբաթօրյա երթ»-ի գլխավոր ուղերձը՝ եվրոպամետ ակցիաների ժամանակ ձերբակալված անձանց ազատ արձակելու անփոփոխ պահանջի հետ մեկտեղ։
Սա հերթական՝ 33-րդ բողոքի խաղաղ երթն էր, որն անընդմեջ ակցիաներին զուգահեռ ամեն շաբաթ օր անցկացվում է Թբիլիսիում։
«Վերջին օրերին տեղի ունեցած 17-ամյա տղայի սպանությունը ևս մեկ անգամ ցույց տվեց մեզ, որ Վրաստանում անվտանգության լուրջ խնդիրներ կան։ Նիկոլոզ Ղունաշվիլիի և այլ երիտասարդների ողբերգությունները նույն հարցն են հարուցում. արդյո՞ք պետությունն անում է ամեն ինչ մարդու կյանքը պաշտպանելու համար»,- ասված է երթի կազմակերպիչների հայտարարության մեջ։
Ռուսթավելիի պողոտայում ընթացող վերականգնողական աշխատանքների պատճառով՝ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ երթը մեկնարկում է Ավլաբարի մետրոյի կայարանից և շարժվում դեպի խորհրդարան։
Շաբաթօրյա երթերի առաջին թեման կապված էր BBC-ի լրագրողական հետաքննության հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին օբյեկտիվ հետաքննություն՝ պարզելու համար, թե ինչ քիմիական նյութեր է օգտագործել իշխանությունը ցուցարարների դեմ 2024-2025 թվականներին կայացած բազմամարդ ակցիաների ժամանակ։
Ցուցարարները քանիցս բողոքել են նաև ոստիկանության կիրառած բռնության կամ կոնկրետ ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքի դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցներն աջակցել են Դյուշենի համախտանիշ ունեցող երեխաներին, երբ վերջիններս իշխանություններից դեղորայք էին պահանջում։
Անընդմեջ բողոքի ակցիաները սկսվել են խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ին, երբ «Վրացական երազանք»-ի իշխանությունը հայտարարեց, որ թեկնածուի կարգավիճակ ունեցող Վրաստանը մինչև 2028 թվականի վերջն օրակարգից հանում է Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ հաջորդ քայլը (անդամակցության բանակցությունների մեկնարկը)։