ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանին

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ դժվարին պահին Հայաստանին օգնելու պատրաստակամության համար:  

Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վրաստանի սիրելի գործընկերներ

Որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներից ու վրաց ժողովրդից Հայաստանի համար այս դժվար պահին մեզ սատարելու եւ աջակցության ձեռք մեկնելու համար: Մեր հարազատ ժողովուրդները համատեղ են հաղթահարել հազարամյակների մարտահրավերները եւ վստահ եմ, որ անտեսանելի այս թշնամու` կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին»:

Հիշեցնենք, որ նախօրեին վրաստանյան սոցհարթակներում ակտիվորեն քննարկվում էին Հայաստանին կորոնավիրուսի պայքարում աջակցելու առաջարկներ: Քաղաքական ու հասարակական մի շարք գործիչներ առաջարկում էին աջակցության տարբերակներ մշակել, նույնիսկ հիվանդներին Վրաստան տեղափոխելու մասին էր խոսվում, իսկ gopetition.com կայքում ստեղծվել է ստորագրահավաք՝ Հայաստանին օգնելու կոչով:

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. ԱԳՆ