Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. ԱԳՆ

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, Վրաստանի և ՀՀ կառավարություններն ակտիվորեն հաղորդակցվում են:

Վրաստանի արտգործնախարարի մամլո խոսնակի հայտարարությամբ, «Վրաստանը ևս մեկ անգամ ՀՀ-ին օգնելու պատրաստակամություն է հայտնում»:

«Համավարակի շրջանում կառավարությունը մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ: Օրեր առաջ կայացել է երկու երկրների վարչապետների հեռախոսազրույցը: Հաղորդակցություն կա առանձին նախարարների մակարդակով ևս: Այսօր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին և նրա հայ գործընկերը անդրադարձել են երկու երկրներում տիրող իրավիճակին: Զալկանիանին ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին ու խոսել օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին»,- հայտարարում են ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, հունիսի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո առ այն, որ «բուժհաստատություններն այն վիճակում են, որ արդեն կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,-վրացական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադառնում են թեմային:

ՀՀ-ին աջակցելու առաջարկով «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես են եկել քաղաքական ու հասարակական գործիչներ, ակտիվիստներ:

Ատեղծվել է նաև օնլայն ստորագրահավաք, որտեղ քաղաքացիները կոչ են անում Վրաստանի կառավարությանն օգնել Հայաստանին` հիվանդներին Վրաստան տեղափոխելով: