Սեպտեմբերի 15-ին, Վրաստանի բոլոր դպրոցների նման՝ Թբիլիսիի միակ ամբողջովին հայկական N104 դպրոցում էլ հնչեց առաջին զանգը։
Գիտության օրվան նվիրված արարողությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ ի հիշատակ դպրոցի ուսուցչուհի Ալլա Գրիգորյանի։
Հնչեցին Վրաստանի, Հայաստանի և դպրոցի հիմները։ Աշակերտներին իրենց բարեմաղթանքներն ուղղեցին դպրոցի տնօրենը, ուսուցիչները, նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, Վրաստանի հայերի միության փոխնախագահ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը և այլք։
«Շնորհավորում եմ բոլորին նոր ուսումնական տարվա առթիվ. անցած ուստարին շատ հաջող էր մեր դպրոցի համար, անցյալ տարի դպրոցը մասնակցեց շատ հետաքրքիր նախագծերի։ Հուսով եմ, որ այս տարին կլինի ավելի հաջող յուրաքանչյուրիս համար։ Ցանկանում եմ հաջողություններ ուսման մեջ։ Բարի գալուստ»,- բացման խոսքում ասաց դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը նշեց, որ Թբիլիսիի սրտում գտնվող միակ հայկական պետական դպրոցը լավ կրթօջախ ու դպրության վայր է.
«Յուրաքանչյուր մարդու համար տարին ունի 2 շատ կարևոր օր՝ իր ծննդյան օրը և նոր տարին, իսկ յուրաքանչյուր դպրոցականի համար այս օրը նաև նոր ուսումնական տարվա մեկնարկ է և որպես առաջինը շատ կարևոր է։
Շատ ուրախ էի իրապես տեսնել առաջին դասարանցիներին իրենց հատուկ համազգեստով, որը համահունչ էր Վրաստանի կառավարության բարեփոխմանը։ Այս դպրոցին, վիրահայերին և ընդհանրապես եղբայրական վրաց ժողովրդին, հատկապես աշակերտներին այս կարևորագույն օրվա առթիվ մաղթում եմ հաջողություններ, քանզի դպրոցը տալիս է կյանքի համար ամենակարևորը՝ գիտելիքը, իսկ գիտելիքը հետագա կյանքը կառուցելու համար ամենակարևոր հիմնասյունն է»,- ասաց ՀՀ դեսպանը։

Նշվեց նաև մայրենի լեզուն պահպանելու կարևորության և երկու երկրների միջև կապող օղակ հանդիսանալու կարևոր գործոնի մասին։
Միջոցառմանն առաջին դասարանցիներին ՀՀ դեսպանը գրքեր է նվիրել, նաև տրվել է պետության ամենամյա տրամադրած համակարգիչները։
Հատկանշական է, որ դպրոցի անցյալ տարվա 16 շրջանավարտներից 15-ն իրավունք են ստացել ուսումը շարունակելու բարձրագույն հաստատություններում։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ.










