Սաակաշվիլին կոչ է անում էլեկտրոնային քվեարկության համակարգ ներդնել

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 3-ին Հռոմում «Միասին դեպի տուն» շարժման շրջանակներում հերթական հանդիպումն է անցկացրել վրացի էմիգրանտների հետ: Այս անգամ հիմնական հարցը վերաբերել է վրաստանյան ընտրությունները էլեկտրոնային քվեարկության եղանակով անցկացնելուն, ինչը կապահովվի քաղաքացիների մասնակցությունը թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ քաղաքական կարևոր որոշումներ կայացնելու գործընթացում:

Սաակաշվիլիի նախաձեռնության համաձայն, երկրում պետք է ներդնել էլեկտրոնային քվեարկության համակարգ՝ ամբողջությամբ բացառելու կեղծիքներն ու մանիպուլյացիաները: Վտարանդիության մեջ գտնվող Սաակաշվիլին կարծում է, որ ցանկացած քաղաքական որոշում իշխանությունները ժողովրդի հետ միասին՝ էլեկտրոնային քվեարկությամբ պետք է ընդունեն:

Էլեկտրոնային ընտրությունների փոքր մոդելը բջջային հավելվածի օգնությամբ փորձարկվել է էմիգրատների հետ հանդիպմանը: Այն հաջողված է գնահատվել, «Միասին դեպի տուն» կազմակերպության կայք էջում սկսվել է քվեարկություն: 200 հազար ձայն հավաքելու դեպքում շարժումն այս նախաձեռնությամբ պաշտոնապես գրանցում կպահանջի: