Մառնեուլիի քաղաքապետը չի հրապարակում ներքին աուդիտի հաշվետվությունները

Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը հրաժարվում է հրապարակել ներքին աուդիտի հաշվետվությունները, գրում է QvemoQartli.ge-ն:

Ըստ QvemoQartli.ge-ի՝ այս տարվա փետրվարից մինչ օրս փորձում են Մառնեուլիի քաղաքապետարանից տեղեկատվություն ստանալ ներքին աուդիտի գործունեության վերաբերյալ, և` ոչ մի արդյունք։ Մասնավորապես, QvemoQartli.ge կազմակերպությունը խնդրում է տրամադրել հրապարակային տեղեկատվություն Մառնեուլիի քաղաքապետարանի ներքին աուդիտի ծառայության 2022 թվականին պատրաստած եզրակացությունների/զեկույցների և առաջարկությունների վերաբերյալ։

«Նամակներն անպատասխան թողնելուց հետո QvemoQartli.ge-ն վարչական բողոք է ներկայացրել Մառնեուլիի քաղաքապետարան։ Բողոքից հետո վերջապես պատասխան են ստացել Մառնեուլիի քաղաքապետարանից։

Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովի ստորագրությամբ պատասխան գրության մեջ կարդում ենք, որ քաղաքապետարանը լիազորված է չհրապարակել ներքին աուդիտի հաշվետվությունները»,- նշված է QvemoQartli.ge-ի հրապարակման մեջ:

QvemoQartli.ge-ն կարծում է, որ հանրությունը լիիրավ իրավունք ունի տեղեկատվություն ստանալու քաղաքացիների վճարած հարկերի միջոցով իրականացվող ցանկացած գործընթացի մասին, որը պետական ​​գաղտնիք չէ։ Ըստ այդմ, կազմակերպությունը հայց է նախապատրաստում դատարան ներկայացնելու ընդդեմ Մառնեուլիի քաղաքապետարանի։

QvemoQartli.ge-ին իրավական աջակցություն է տրամադրում «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Քվեմո Քարթլիի գրասենյակը: