Հաղթանակի օրվա առթիվ կառավարությունը շնորհավորել է վետերաններին

Վրաստանի կառավարության ներկայացուցիչները շնորհավորել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին նացիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։ Այսօր՝ մայիսի 9-ին, Վետերանների մշակույթի և հանգստի այգի են այցելել Վրաստանի վարչապետը, Թբիլիսիի քաղաքապետը և Վետերանների ծառայության ղեկավարը։

«Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել մեր հերոս վետերաններին այս մեծ չարիքի` ֆաշիզմի պարտության և մեր հաղթանակի օրվա կապակցությամբ: Ուզում եմ նշել, որ մեր երկրի և վրացիների դերը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում, անկասկած, անգնահատելի է։ Այս պատերազմին մասնակցել են յոթ հարյուր հազար վրացիներ, որոնց կեսից ավելին հերոսաբար զոհվել է հանուն այն նպատակի, որը կոչվում էր` հաղթանակ ֆաշիզմի դեմ։

Ուստի ևս մեկ անգամ ես խոնարհվում եմ հերոս վրացիների հիշատակի առաջ և ցանկանում եմ մեր կառավարության անունից շնորհակալություն հայտնել մեր հերոս վետերաններին ամեն ինչի համար», — ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։