«Ո՛չ ռուսական օրենքին». ցույցեր են ընթանում Նյու Յորքում և Լոնդոնում

Վրացի էմիգրանտները Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում «Ո՛չ ռուսական օրենքին» ակցիա են անցկացրել: Մեծ Բրիտանիայում քաղաքացիները հավաքվել են Լոնդոնում, իսկ ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում, գրել է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուտաընկերությունը:

Ցուցարարները ծածանել են բողոքի պաստառներ և դրոշներ։ Հանրահավաքի մասնակիցներն ասել են, որ հեռու են հայրենիքից, բայց շարունակում են պայքարել երկրի եվրոպական ապագայի համար։

Նշենք՝ այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ի վերադարձրած «ռուսական օրենքը» Վրաստանում բողոքի ցույցեր բորբոքեց, վրացի էմիգրանտները նույնպես սկսեցին զուգահեռ ​​ցույցեր անցկացնել տարբեր երկրներում։

Հիշեցնենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։

«Վրացական երազանքը» երեկ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։

Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է. Պետդեպ