«Վրացական երազանք»-ի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց հողերի գրանցման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները։
Օրենսդրական փաթեթը սահմանում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից Հանրային գրանցամատյանի ազգային գործակալությունը մեկ տարվա ընթացքում կիրականացնի հողերի պարբերական գրանցում։
Ինչ է նշանակում «պարբերական գրանցում» ասվածը։
Դա հողերի գրանցումն է շահագրգիռ անձի դիմումի և ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։
Օրինագծի նախաձեռնողները նշել են, որ իրենք զգալի արդյունքների են հասել Արդարադատության նախարարության հայտարարած համակարգված հողերի գրանցման շրջանակներում։ Համակարգված գրանցման ծրագիրը կավարտվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
Համակարգված գրանցման ընթացքում ծառայությունից օգտվել չկարողացող սեփականատերերին հնարավորություն կտրվի գրանցելու իրենց հողերը՝ դիմումի հիման վրա։
Օրինագծի համաձայն՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը գործակալությունը պետք է ապահովի.
- Վրաստանի մունիցիպալիտետներում (բացառությամբ ինքնակառավարվող քաղաքների) կամայականորեն զբաղեցրած հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը,
- Ներկայացված փաստաթղթերում արտացոլված հողամասի նույնականացումը։
Սեփականության ճանաչումը և նույնականացումը կիրականացվեն համակարգված գրանցման աշխարհագրական տարածքների համար սահմանված կարգի համաձայն։
Կառավարությունը կորոշի պարբերական գրանցման վճարը։
Օրենքում նաև ավելացվել է «պետական չափագրող» հասկացությունը։
Օրենքի նախագծի համաձայն՝ «պետական չափագրող» է համարվում նախագծային/չափագրական աշխատանքներ կատարող անձը, որը հավաստագրված է օրենքի պահանջներին համապատասխան։
Համակարգված գրանցման ընթացքում՝ 2022-2025 թվականների տվյալներով, գրանցվել է 2 մլն 94 հազար 707 հողամաս՝ 1 մլն 101 հազար 570 հեկտար ընդհանուր մակերեսով։
2022-2025 թվականներին 1 մլն 469 հազար 581 քաղաքացի դարձել է հողատեր։