2,5 տարում անչափահասների ամուսնության գրեթե 400 դեպք է քննվել

Վրաստանում անչափահասների հնարավոր ամուսնության հիմքով` 2020 թվականից մինչ օրս, հետաքննություն է սկսվել 397 դեպքի առնչությամբ. նրանցից 153 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։

Այս տվյալները «Վրաստանում վաղ/մանկական ամուսնությունների վնասակար պրակտիկան» զեկույցից է, որը պատրաստել է «Ժողովրդավարության և կառավարման կենտրոնը»՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ։

Զեկույցում, որը ներառում է ինչպես քանակական, այնպես էլ որակական հետազոտության մեթոդներ, վերլուծվել է 74 քրեական գործ։

Դեպքերը վկայում են, որ թեև հաճախ նախաքննությունը սկսվում է անմիջապես, սակայն անչափահասները ստիպված են բախվել այնպիսի համակարգային խոչընդոտների, ինչպիսիք են, օրինակ` քննիչի ոչ պրոֆեսիոնալ հարցերը, ընտանիքի ճնշումները և բռնաբարության դեպքերի անտեսումը։