3669 երեխա ծնողի հետ արտագաղթել է

Վրաստանի հանրային պաշտպանի զեկույցի համաձայն՝ ծնողի հետ արտերկիր մեկնելու պատճառով աշակերտի կարգավիճակի դադարեցման կամ կասեցման դեպքերը Վրաստանում դեռևս բազմաթիվ են։

Օրինակ՝ անցյալ տարի նույն պատճառով երկիրը լքել է 3669 երեխա, ինչը գրեթե հավասար է 2024 թվականի տվյալներին։ 2024 թվականին երկիրը լքել էր 3900 աշակերտ։

Սա այն դեպքում, երբ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանում ծնելիությունը նվազել է, իսկ արտագաղթը՝ աճել։

Վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականին Վրաստանում ծնվել է 37 հազար 867 երեխա։ Սակայն գերատեսչությունը չի հստակեցնում, թե Վրաստանում ծնված երեխաներից քանիսն են Վրաստանի քաղաքացիների և քանիսը՝ օտարերկրյա քաղաքացիների զավակներ։

2025 թվականին կասեցվել է 7248 աշակերտի կարգավիճակ, դադարեցվել՝ 1366 աշակերտի կարգավիճակ, ինչը դինամիկայով գրեթե հավասար է 2024 թվականի ցուցանիշներին։

Դպրոցը թողնելու պատճառների թվում դեռևս հանդիպում են այնպիսի դեպքեր, ինչպիսիք են, օրինակ՝ ֆինանսական պարտքերը, դպրոցից հեռացումը, ամուսնությունը, առողջական խնդիրները, աշխատանքի անցնելը, բացակայությունները և այլն։

Նույն աղբյուրի համաձայն՝ 2025 թվականին «ընտանիք կազմելու» նպատակով դպրոցը թողել է 26 երեխա։

Առողջական վիճակի պատճառով դպրոցից հեռացել է 100 երեխա, ծնողի դիմումի հիման վրա՝ 1881 երեխա, իսկ 1251-ն ուսումը շարունակել է պրոֆեսիոնալ քոլեջներում։ 1337 երեխա անընդմեջ բացակայել է, ինչի պատճառով նրանց կարգավիճակը կասեցվել կամ դադարեցվել է։