4 տարի անց Թբիլիսիի ջրհեղեղի վայրում. ֆոտոռեպորտաժ

Թբիլիսիի ջրհեղեղից 4 տարի է անցել: 2015 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը հորդառատ անձրևից հեղեղված Վերե գետը խլեց 23 մարդու կյանք, ավիրվեցին բնակելի տներ, Թբիլիսիի կենդանաբանական այգին, հերոսների հրապարակի ավտոճանապարհները, Մզիուրի այգու մեծ մասը: Անօթևան մնաց 200-ից ավելի ընտանիք, վնասը կազմեց 50 մլն լարի:

Այդ օրերին Վրաստանում շատերը՝ երիտասարդները, կամավորները, հասարակական գործիչները, հոգևորականները, միահամուռ ուժերով պայքարում էին աղետի հետքերը վերացնելու, անտուններին օգնելու, մաքրման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Ջրհեղեղը սպանեց նաև կենդանաբանական այգու տասնյակ կենդանիների: Ջրհեղեղից մի քանի օր անց փնտրվող վագրի հարձակումից չհաջողվեց փրկել քաղաքացուն: Մայրաքաղաքում շրջող վայրի կենդանիներից փոքրիկ արջն, օրինակ, փրկություն էր գտել այս օդորակիչի վրա բարձրանալով: Լուսանկարում տեսնում եք նույն օդորակիչը՝ զարդարած գրաֆիտիով:

Այս լուսանկարում երևում է գետի վրա կառուցված թունելը, որը 2015 թվական աղետի ժամանակ չդիմացավ հեղեղված գետի ուժին:

Թունելի վերին հատվածում այժմ շինարարություն է ընթանում, ինչը, ի դեպ, Վրաստանի տրանսպորտի և ճանապարհների ասոցիացիայի նախագահ Դավիդ Մեսխիշվիլիի խոսքով, վտանգավոր է: Նա պնդում է, որ ևս մեկ աղետի դեպքում ողջ պատասխանատվությունը կստանձնի Թբիլիսիի քաղաքապետարանը:

Մեսխիշվիլին այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նաև ջրհեղեղի օրվանից հետո իշխանության չիրականացված հինգ խոստում: Նրա խոսքով, իշխանությունները բնակչությանը չեն տեղափոխել անվտանգ բնակելի տարածք, չեն դադարեցվել հարակից տարածքի շինարարությունները, շարունակվում են տրամադրվել նոր շինարարությունների թույլտվություններ, ծրագրվածի համաձայն՝ Թբիլիսիի կենդանաբանական այգին չի տեղափոխվել անվտանգ վայր, ճանապարհների բարձրությունը չի ավելացվել:

Ի՞նչ տեսք ունի ջրհեղեղի տարածքն այսօր. նույն վայրում շարունակում է գործել Թբիլիսիի կենդանաբանական այգին, Մզիուրին շարունակվում է կանաչապատվել, նոր շինարարությունները նույնպես ընթացքի մեջ են:

«Ալիք մեդիան» վերականգնել է 4 տարի առաջ հրապարակած ֆոտոռեպորտաժը՝ համեմատելով ջրհեղեղի տարածքի հետ այսօր:

Լուսանկարները՝ Աննա Թանդարյանի