46 մարդ բերման է ենթարկվել. ՆԳՆ

Թբիլիսիում մի շարք գերատեսչությունների շենքերի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 46 մարդու։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ 

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն առավոտից ցույցեր է անցկացնում Պետական ​​անվտանգության ծառայության, Առողջապահության նախարարության և Արդարադատության նախարարության շենքերի դիմաց։ 

«Այնտեղ, որտեղ ցուցարարները գերազանցել են հավաքների և արտահայտվելու ազատության մասին օրենքով թույլատրված սահմանները, ինչպես նաև փորձել են փակել վարչական շենքերի մուտքերը, ոստիկանությունը բերման է ենթարկել ընդհանուր առմամբ 46 մարդու», — հայտնել են ՆԳՆ-ից։ 

Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ հանրահավաքների և ցույցերի մասին օրենքը արգելում է «շրջափակել վարչական շենքերի մուտքերը և խաթարել դրանց գործունեությունը»։ 

«Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում ցուցարարներին և քաղաքական առաջնորդներին՝ հարգել Վրաստանի Սահմանադրությունը, հարգել իրավապահների գործունեությունը, ենթարկվել ոստիկանության պահանջին և պահպանել հասարակական կարգը։ Օրենքի ցանկացած խախտում անհապաղ կկասեցվի ոստիկանների կողմից և կձեռնարկվեն համապատասխան իրավական գործողություններ», — ասված է հաղորդագրություն մեջ։

Հիշեցնենք՝ ոստիկանության կողմից բերման ենթարկվածների թվում են ընդդիմադիր ակտիվիստներ Բադրի Շուբլաձեն, Մուրման Դումբաձեն և Նիկա Ֆաարուլավան։ 

Ավելի ուշ ձերբակալվել է նաև «Գիրչիի» անդամ, Սաբուրթալոյի սակրեբուլոյի մեծամասնական թեկնածու Բորիս Կուրուան։ 

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ծրագրել էր հանրահավաքներ՝ ի պաշտպանություն բանտարկված Միխեիլ Սաակաշվիլիի։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր