8 առասպել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին. Իմնաձեի պարզաբանումը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային  կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, վարակաբան Պաատա Իմնաձեն պարզաբանել է երկրում շրջանառվող կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին տարածվող առասպելները.

Պատվաստանյութն անպտղություն է առաջացնում

Իմնաձեն նշում է, որ այս առասպելը գոյություն ուներ դեռևս մինչև պատվաստանյութերի ստեղծումը:

«Նման բան գոյություն չունի: Պատվաստանյութը որևէ կապ չունի անպտղության հետ, ու սա հաստատված է բազմաթիվ հետազոտություններով՝ բոլոր պատվաստանյութերի հետ կապված: Այդ թվում նաև կորոնավիրուսի պատվաստանյութը կապ չունի անպտղության հետ»,- ընդգծել է Իմնաձեն։

Պատվաստանյութը փոխում է մարդու գենետիկական կոդը

Իմնաձեն բացատրում է՝ պատվաստանյութը ռեկոմբինանտ է, ու այն ստանում են որոշակի «գենետիկ մանիպուլյացիաների» միջոցով, թեև դրանք ԴՆԹ-ն փոխելու ունակություն չունեն:

«Նման կենսաբանական մեխանիզմ անգամ տեսականորեն գոյություն չունի»,- նշել է Իմնաձեն:

Պատվաստանյութի բաղադրիչները վտանգավոր են մարդու առողջության համար

Իմնաձեն հաստատում է, որ պատվաստանյութերի բաղադրիչ որոշ նյութեր կարող են վնասակար լինել՝ առաջացնել ալերգիա, սակայն նույն նյութերը հանդիպում են նաև մեր առօրյաում:

«Պաղպաղակի մեջ էլ հնարավոր է նման նյութեր լինեն ու ալերգիա առաջացնեն, սակայն պաղպաղակ բոլորն ուտում են առանց վախենալու, որ վտանգավոր կարող է լինել»:

Պատվաստանյութը կիրառելուց հետո հնարավոր է կրկին վարակվելը

Իմնաձեն պարզաբանում է, որ պատվաստվելուց հետո վարակման հավանականություն կրկին կա, թեև պատվաստանյութը պաշտպանում է մեզ բարդություններից.

«Պատվաստանյութը 100%-ով պաշտպանում է մեզ մահից, բարդացումներից, հոսպիտալացումից»։

Պատվաստանյութը կորոնավիրուսով վարակում է առաջացնում

Իմնաձեի խոսքով՝ գոյություն ունի պատվաստանյութի երեք տեսակ՝ կենդանի, մեռած և ռեկոմբինանտ, այլ կերպ ասված՝ տարբեր եղանակներով են պատրաստվում: Կենդանի պատվաստանյութը հազվադեպ կարող է առաջացնել «ինչ-որ հիվանդություն»:

«Կորոնավիրուսի պատվաստանյութի դեպքում, կա երկու տեսակի պատվաստանյութ: Կամ «մեռցրած» պատվաստանյութերն են, ինչպիսիք են՝ չինական Sinopharm-ը կամ Sinovac-ը, կամ հիմա առավել շատ կիրառվող՝ AstraZeneca, Pfizer տեսակի պատվաստանյութերը, որոնք չեն պարունակում որևէ վիրուսային բաղադրիչ: Ելնելով սրանից, պարզապես բացառվում է, որ այս պատվաստանյութերը կորոնավիրուս առաջացնեն»։

Ի՞նչ իմաստ ունի պատվաստումը, եթե չգիտենք՝ իմունիտետ որքան ժամանակ կունենանք

Իմնաձեի խոսքով՝ պատվաստանյութի ստեղծման ու կիրառման պահից բավարար ժամանակ չի անցել, որպեսզի կոնկրետ թիվ սահմանվի, թեև վեց ամիս պաշտպանված լինելը հստակ է:

Մինչև պատվաստվելը պարտադիր է հետազոտություն անցնել

Իմնաձեն ընդգծում է՝ որևէ երկրում պատվաստվելուց առաջ հետազոտություն անցնելու խորհրդատվություն չի տրվում, այդ թվում նաև Վրաստանում՝ որևէ անալիզ հանձնելու կարիք չկա պատվաստումից առաջ:

Պատվաստվելուց հետո կարիք չի լինի դիմակ կրել

Իմնաձեն իր օրինակով նշում է՝ չնայած նրան, որ AstraZeneca տեսակի պատվաստանյութով արդեն պատվաստվել է՝ միևնույնն է շարունակում է դիմակ կրել:

«Այն, որ վարակն ինձ չի սպանի, չի նշանակում, որ չի վարակի: Նման դեպքեր հազվադեպ են լինում, բայց պետք է ապահովագրված լինել»:

Իմնաձեն նշում է՝ քանի դեռ բնակչության մեծամասնությունը չի պատվաստվել, դիմակ կրելը կշարունակի պարտադիր մնալ: