Եվրախորհրդարանի պատգամավոր Մակլ Գալերիմը դիմել է Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի գործով դատավորներին՝ հորդորելով՝ «ծառայե՛լ ճշմարտությանը, ոչ թե օլիգարխին»:
Գալերիմի խոսքով, օրենքը պետք է լինի գերակա, և իշխող կուսակցությունը կամ ստվերային մարդիկ չպետք է կառավարեն դատարանը։
«Եվրամիություն ձգտող երկրի համար բնական չէ լրագրողներին բանտարկել հստակ շինծու մեղադրանքներով, ոչ էլ դատարաններն օգտագործել որպես պատժիչ գործիք իշխող կուսակցության համար: Սա խնդիր է. հետևաբար, մեր ուղերձը պարզ է՝ օրենքը պետք է լինի գերակա»,- ասել է Գալերիմը:
Եվրապատգամավորն ընդգծել է, որ դատավորը պետք է արդար գործի, ոչ թե կատարի` ինչ հրամայում են:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի վերաքննիչ դատարանում Գվարամիայի գործով առաջին դատական նիստը նշանակված է հուլիսի 19-ին: Առաջին ատյանի դատարանը Գվարամիային մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ և դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման։