Վրաստանից Tesla-ում ներդրվել է 45 մլն դոլար

Վրացական AML պլատֆորմի՝ Ambry Solutions ընկերության պատրաստած վերջին զեկույցից պարզ է դարձել, որ Վրաստանում՝ Tesla Video Media վիրուսային բուրգի սխեմայում ներդրված ընդհանուր գումարը կազմել է 45 միլիոն դոլար: Փոխանցում է Business Media-ն:

Բացի բուրգային սխեմայում ներդրված միջոցներից, ընկերությունը նաև ուսումնասիրել է Tesla Video Media-ի տեխնիկական կառուցվածքը և սխեմայում ներգրավված մարդկանց ժողովրդագրությունը։

Ambry Solutions-ի մանրակրկիտ հետաքննության արդյունքում պարզվել է, որ բուրգային սխեմայի օգտատերերի ավանդադրած գումարը բաշխվել է Tether կրիպտոարժույթով (USDT) ընկերությանը պատկանող մի քանի գործառնական հաշիվների վրա: Հավաքված գումարի հիմնական մասը Tesla Video Media-ի սեփականատերերը պահում են դրամապանակներում. դրանցից մեկում ներկայումս պահվում է մոտ 10 մլն դոլար արժողությամբ կրիպտոարժույթ։

Հատկանշական է, որ չնայած բուրգային սխեմայի փլուզմանը, նշված հասցեով միջոցներ դեռևս պահվում են։

Ambry Solutions-ի հաշվարկներով՝ ընդհանուր շրջանառության մի մասը՝ մոտ 20-25 տոկոսը, բուրգային սխեմայի սեփականատերերը վճարել են նախագծի մասնակիցներին, ինչը հիմնականում արվել է սխեմայի վստահելիությունը բարձրացնելու նպատակով։

Դրանից բացի, համեմատաբար փոքր գումարներ, սովորաբար 10-50 հազար դոլարի սահմաններում, պարբերաբար ուղարկվել են այնպիսի կրիպտո հաշիվներ, որոնք մեծ շրջանառություն ունեն աշխարհի առաջատար բորսաների՝ Binance-ի, Okex-ի և Huobi-ի հետ։

Ambry Solutions-ի կարծիքով, այս հաշիվներից շատերն օգտագործվում են բուրգային սխեմաների կողմից իրենց հետքերը ծածկելու համար:

Նշենք, որ Ambry Solutions-ը բլոկչեյնի վրա հիմնված AML հարթակ է, որը ֆինանսական հատվածում ներգրավված ընկերություններին թույլ է տալիս հետևել կրիպտոակտիվների առքուվաճառքով զբաղվող հաճախորդների միջոցների ծագմանը:

Վրաստանում հույս ունեն՝ Tesla-ն կվերաբացվի