Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին Քվեմո Քարթլի այցի շրջանակներում Ռուսթավի քաղաքում ընդունել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին:
«Ալիք մեդիայի» փոխանցմամբ, հանդիպմանը դեսպանը նշել է, որ որպես նորանշանակ դեսպան առաջին այցը Քվեմո Քարթլի որոշակի խորհուրդ է պարունակում: Դեսպանի խոսքով, մարզը յուրահատուկ է, քանի որ այստեղ կողք կողքի ապրում են վրացիներ, հայեր և ադրբեջանցիներ:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ այս մարզի բնակիչների խաղաղ համակեցությունը Ձեր ջանքերի շնորհիվ է, և դուք կարողանում եք բոլորին հավասարաչափ, ազնիվ և նույն աչքերով նայել: Իմ խորին համոզմամբ, որքան մշակույթները սերտացված են և պատմությունները կարողանում են ապրել միասին խաղաղ, այդքան հարուստ է այդ երկիրը», — իր խոսքում նշել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, դեսպան Սմբատյանը նշեց, որ վերջին 30 տարիներին երկու երկրների հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են, այդ թվում երկու երկրների վարչապետների ու տարբեր գերատեսչությունների միջև հարաբերությունները:
Դեսպանը նշեց նաև, որ քանի որ Քվեմո Քարթլին սահմանակցում է ՀՀ Տավուշի մարզին, կան հնարավորություններ համագործակցելու երկու մարզերի քաղաքների, դպրոցների միջև և տարբեր ոլորտներում:
Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին նախ դեսպանին շնորհակալություն հայտնեց հայ-վրացական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրելու համար:
Դոխտուրաշվիլին ևս շեշտեց Քվեմո Քարթլիում տարբեր ազգերի խաղաղ համակեցության փաստը՝ նշելով, որ ինքն անձամբ ևս մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ իր ընկերներն են եղել ազգությամբ հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ և այլն:
«Հայ-վրացական հարաբերությունները միայն 30 տարի առաջ չէ, որ ձևավորվել են: Երկու երկրները դարերի բարեկամության պատմություն ունեն: Շատ ուրախ եմ մեր հանդիպման համար և ուզում եմ, որ երկու երկրների միջև համագործակցությունն էլ ավելի ինտենսիվ լինի, հանդիպումները հաճախակի դառնան՝ սկսած աշակերտների, ուսանողների և այլ ոլորտներում համագործակցությունից», — իր խոսքում նշեց նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին: