«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ապրիլի 9-ի մասին իր հայտարարությանը հաջորդած հասարակության մի հատվածի վրդովմունքը գնահատել է «վրացական լիբերալների սահմանափակ մտածողություն» բնորոշմամբ։
Ապրիլի 9-ի ողբերգության մասին իր հայտարարության մեջ Կոբախիձեն չէր հիշատակել ոչ խորհրդային բանակը, ոչ Ռուսաստանը, փոխարենն օգտագործել էր «օտար ուժ» տերմինը, որը «Վրացական երազանք» կուսակցությունը հաճախ օգտագործում է իր քաղաքականությունը քննադատող արևմտյան գործընկերների դեմ:
Իշխանամետ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդաշարի հաղորդավար Նինո Շուբլաձեն Կոբախիձեին հարցրել է՝ ինչո՞ւ իր հայտարարության մեջ չի հիշատակել Խորհրդային Միությունը։
«Ինչո՞ւ ռուսական (բանակ — հեղ.) բառը չի նշվել: Պարզ է, որ դա, որպես այդպիսին, ռուսական բանակը չէր, խորհրդային բանակն էր, և դրանք խորհրդային զինվորներ էին: Ապրիլի 9-ի ցույցը ցրողների և մարդկանց սպանողների մեջ, բացի ռուսներից, կային նաև այլ խորհրդային հանրապետությունների ներկայացուցիչներ: Նրանց թվում են այնպիսի հանրապետությունների ներկայացուցիչներ, որոնք այսօր համարվում են քաղաքակիրթ աշխարհի մաս։ Ռուսներից բացի, կային ուկրաինացիներ, մերձբալթյան, միջինասիացի զինվորներ և այլն. Խորհրդային Միությունն է եղել… Միայն լիբերալը կարող էր հետևել նման հռետորաբանությանը. եթե սահմանափակ խելք չունենաս, նման բանի հետևից չես գնա»,- լրագրողին պատասխանել է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետը։
Ապրիլի 9-ին, երբ Կոբախիձեն խոսեց 36 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին՝ չհիշատակելով խորհրդային բանակը, ցուցարարները «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներին թույլ չտվեցին մոտենալ այդ օրվան նվիրված հուշահամալիրին. եվրոպամետ ցույցերի ժամանակ կալանավորվածների և քաղբանտարկյալների ընտանիքների անդամների և նրանց կողմնակիցները գիշերն անցկացրել էին Ռուսթավելիի պողոտայում։
«Ապրիլի 9-ն այն օրն է, երբ օտար ուժը բռնություն գործադրեց մեր համաքաղաքացիների նկատմամբ… Այսօր՝ ապրիլի 9-ի ողբերգությունից 36 տարի անց, օտար ուժերը դեռևս բռնություններ են իրականացնում Ռուսթավելիի պողոտայում», — գրել էր Կոբախիձեն։