Ղազախական «Կազմունայգազը» սկսում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով նավթի արտահանումը

Ղազախական «Կազմունայգազ» պետական ​​ընկերությունը Tengizchevroil-ի պաշարներից այս ամիս կսկսի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղով նավթի արտահանումը, գրում է BusinessPressNews-ը:

Ղազախական նավթային Kaztransoil ընկերության մամուլի գրասենյակից հայտնել են, որ 2023 թվականի փետրվարին նախատեսվում է Ակտաու նավահանգիստ բեռնել Tengizchevroil-ին պատկանող 120 հազար տոննա նավթ, սակայն ընկերությունը չի նշել հետագա երթուղին։

Ըստ թրեյդերների՝ «Կազմունայգազը» ԲԹՋ-ով փոխադրումների համար կօգտագործի Tengizchevroil նավթը, որը կառավարվում է ամերիկյան Chevron ընկերության կողմից։ Tengizchevroil-ի բաժնետոմսերը պատկանում են նաև ղազախական պետական ​​«Կազմունայգազ» հոլդինգին, որը վաճառում է Azeri BTC նավթը՝ այն առաքելով թուրքական Ջեյհան նավահանգստից։

Ղազախական նավթը ԲԹՋ-ին մատակարարվում է խառը եղանակով։ Մասնավորապես, երթուղու մի մասը ներառում է փոխադրումներ երկաթուղով, իսկ մի մասը՝ Կասպից ծովով, որտեղ հումքը նախ փոքր լցանավերով Բաքու է առաքվում Ակտաու նավահանգստից, այնուհետև բեռնվում ԲԹՋ խողովակաշար։

Հարկ է նշել, որ մինչև 2015 թվականը Tengizchevroil-ի հումքն արտահանվում էր ԲԹՋ-ով։ Այս խողովակաշարով Ղազախստանն այս տարի նախատեսում է արտահանել 1,5 մլն տոննա նավթ, որի շուրջ «Կազմունայգազը» բանակցություններ է վարում Ադրբեջանի պետական ​​նավթային SOCAR ընկերության հետ, իսկ ապագայում ղազախական կողմը դիտարկում է տարեկան ծավալը 6-6,5 մլն տոննայի հասցնելու հնարավորությունը։ Ներկայումս, սակայն, ղազախական նավթի արտահանումը Կասպից ծով սահմանափակ է, քանի որ Ակտաու նավահանգստի տարեկան թողունակությունը կազմում է 5,5 միլիոն տոննա: