Երթ Մառնեուլիում՝ հաջակցություն Պաղեստինի

Մոտ 100 քաղաքացի հոկտեմբերի 31-ին Մառնեուլիում երթ է կազմակերպել՝ հաջակցություն Պաղեստինի։ MarneuliFM-ը՝ վկայակոչելով Aktual.ge-ին, գրում է, որ Պաղեստինին աջակցող երթը մեկնարկել է Մառնեուլիի «Ադրբեջանական տան» հարակից այգում:

Հանրահավաքին ելույթ է ունեցել Վրաստանում Կովկասի մահմեդականների բաժնի ներկայացուցիչ Ալի Ալիևը: Ըստ MarneuliFM-ի՝ Ալի Ալիևը քննադատել է Իսրայելին, ԱՄՆ-ին, Գերմանիային, Իտալիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին և Եվրամիությանը, նրանց անվանել «ահաբեկչական պետություններ», Ալիևը քննադատել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Ընդգծենք, որ պաշտոնական Թբիլիսին աջակցում է Իսրայելին: Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հոկտեմբերի 9-ին ընդունել է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեիցադիին և հաստատել Վրաստանի ամուր աջակցությունն Իսրայելի պետությանը, ևս մեկ անգամ դատապարտել Իսրայելի դեմ իրականացված ահաբեկչությունը։

Ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում շարունակվում են հոկտեմբերի 7-ից հետո, երբ պաղեստինյան արմատական ​​իսլամիստական ​​«ՀԱՄԱՍ» շարժումը զանգվածային հրթիռակոծեց Իսրայելի քաղաքները: Հոկտեմբերի 8-ին Իսրայելի կառավարությունը ռազմական դրություն հայտարարեց: