Ընդդիմադիր կանանց նկատմամբ իշխանության հռետորաբանությունն անընդունելի է

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է ընդդիմադիր կին պատգամավորների հասցեին իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորների սեքսիստական ​​և վիրավորական հայտարարություններին։

Ըստ օմբուդսմենի՝ նման հայտարարությունները հեղինակներին արժանապատվություն չեն հաղորդում և միայն ավելացնում են կանանց նկատմամբ խտրականությունը։

«Կին քաղաքական գործիչների նկատմամբ խտրականությունն ամրապնդող և վիրավորող հայտարարությունները մանրամասն կգնահատվեն հանրային պաշտպանի գրասենյակի կողմից և անպայման կարտացոլվեն զեկույցում։ Ուղղակի կասեմ, որ որքան էլ դժվար լինի այլ կարծիք լսելը, կանանց նկատմամբ նման վերաբերմունքն ինձ համար անընդունելի է»,- ֆեսբուքյան էջում գրել է օմբուդսմենը:

Հոկտեմբերի 31-ին «Վրացական երազանք»-ի պատգամավորներ Ալուդա Ղուդուշաուրին և Իրակլի Բերաիան սեքսիստական և վիրավորական արտահայտություններով են դիմել ընդդիմադիր կին պատգամավորներ Անի Ծիթլիձեին և Թեոնա Աքուբարդիային։