Այսօր առավոտյան դատախազության աշխատակիցները խուզարկություն են սկսել նաև «Մարդու իրավունքների կենտրոն»-ի ղեկավար Ալեկո Ցքիտիշվիլիի բնակարանում։ Տեղեկատվությունը սոցիալական ցանցերում տարածել է նրա կինը՝ Նինո Խուտուրիձեն:
«Նրանք եկան խուզարկելու նաև մեզ», — Facebook-ում գրել է Խուտուրիձեն:
Այսօր՝ ապրիլի 29-ի առավոտյան քննչական ծառայության աշխատակիցները մտել են հեռուստահաղորդավար և «Նանուկայի հիմնադրամ»-ի հիմնադիր Նանուկա Ժորժոլիանիի և ակտիվիստ Մարիամ Բաջելիձեի բնակարաններ։
Դատախազության աշխատակիցների ներկայության ժամանակ և՛ Ժորժոլիանին, և՛ Բաջելիձեն կարողացան իրենց բջջային հեռախոսներով ուղիղ եթեր մտնել Facebook-ում, սակայն նրանց կապը հանկարծակի անջատվեց։
Դատախազությունն այս խուզարկության վերաբերյալ բացատրություն չի հրապարակել, սակայն «սաբոտաժ և թշնամական գործունեությանը օժանդակություն» որակմամբ հարուցված գործի շրջանակներում այս տարվա մարտի 17-ին, քննչական մարմնի պահանջով, հանկարծակի առգրավվել են այն հիմնադրամների և կազմակերպությունների հաշիվները, որոնք վճարում էին եվրոպամետ հանրահավաքների մասնակիցների տուգանքներն ու կարիքները։ Գործը հարուցվել է փետրվարին՝ «Միացյալ չեզոք Վրաստան» շարժման վերաքննիչ բողոքի հիման վրա։
«Միացյալ չեզոք Վրաստան»-ը հիմնադրվել է 2024 թվականի հուլիսի 10-ին և կրկնում է իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի ուղերձները։
Այս ՀԿ-ներին ու բարեգործական կազմակերպություններին մեղադրում են բողոքի ցույցերի համար սարքավորումներ գնելու և բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար, ինչը նրանք որակել են որպես «անօրինական և հանցավոր գործողություններ կատարող անձանց խրախուսում»։