Իմ գյուղը. Շահումյան

Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթին ներկայացված հերթական շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները մեզ, և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում: Հեղինակ՝ Շահումյանի N°3 հանրակրթական դպրոցի X-րդ դասարանի աշակերտուհի՝ Ժաննա Բադալյան։

Հանց այսպիսի հայրենիք ո՞վ է տեսել աշխարհում,

Ե՞րբ է եղել աշխարհում այսքան չքնաղ Շահումյան։

Սարեր ու լեռներ, դաշտեր ու անտառներ, գետեր ու ձորակներ, սրբավայրեր ու հուշակոթողներ, ահա թե ինչերով է շրջապատված Շահումյանը՝ իմ և շատ շատերի ծննդավայրը։ Այն բնօրրանը, որտեղով հոսում է Ղրուչայ գետը, որը սկիզբ է առնում Լալվարի փեշերից  և մինչև Շահումյան հասնելը ջրում ու ծաղկեցնում է մի շարք դաշտեր  ու այգիներ։ Այն կհոսի դարեր շարունակ՝ մեր երկրին մաղթելով խաղաղություն ու համերաշխություն։ Մեր երկրի դարավոր գոյությունը ցանկանում են ոչ միայն գետերը, որ անվերջ քչքչում են, այլ սարերը , որ ուս-ուսի են տվել, դաշտերը, որ մեջք-մեջքի են կանգնել, ճամփաներ՝ մարդաշատ և հրապուրիչ, որոնք կարծես թե մոռացել են տունդարձը, հայրենի տունն ու հողը…

Իմ գյուղի հողը, որը հոգի ունի, կենդանի հող, առանց որի հետ կենդանի կապ հաստատելու մարդ չի կարող լինել մարդ՝ լիարժեք, կատարյալ մարդ չի կարող գտնել իրեն, իր խիղճը, հոգին…

Առանց այդ հողի է, որ ոմանց սիրտը կտրվել ու մոռացել է «տունդարձի» մասին, իսկ դրանից մեր ճամփաների «սիրտն» է կծկվել ու իրենց զգում են մի տեսակ լքված ու դատարկ, տների նման՝ կիսավեր ու անպաշտպան։

Այդ շատերը՝ հայրենի հողից, գյուղից հեռու, ինքնահաստատվել ու ձեռք են բերել կայք, ունեցվածք, բայց միևնույնն է, համոզված եմ, որ երբ մենակ են, կամ իրենք իրենց հետ՝ անկարող են լիարժեք տեսնել, դատարկ են ու անկարող, որովհետև հայրենի գյուղի կարոտը, հողի բույրը, դեպ երկինք կարկառված մամիկների ձեռքերը նրանց հանգիստ չեն տալիս։

Իմ գյուղի հողն ու ջուրը ունեն մի լեզու, որով խոսում են համրերը, երգեցիկ մի ձայն, որ լսում են  չլսողները…

Ո՞վ կարող է մնալ  անտարբեր առավոտ կանուխ սարերը բարձրացող հոտի մայունին, թփուտների տակ ծվարած առաջին ծաղիկների անուշ բուրմունքին։

Տարվա բոլոր եղանակներին Շահումյանը յուրովի է գեղեցիկ։ Գեղեցիկ է նրա աշունը՝ արևի ջերմությամբ, քամիների սոսափյունով, գետն ու ձորերը թափվող տերևների խմբերով, հնձած արտերի ու դեղնակարմիր անտառների վրա իջած թռչունների դայլայլով։

Ավելի գրավիչ է գարունը Շահումյանում, երբ ծաղիկներն ու ծառերը իրար հերթ չտալով ծաղկում են, բացվում՝ երջանկացնելով շուրջբոլորը։ Գարունն իր հետ գույներ է բերում, գարունն իր հետ երազ է բերում։

Առավել հաճելի է խոսել  ամռան մասին, երբ երկինքը վերևից կրակ է թափում, լսվում են մանուկների ճիչերը, արեգակը այրվող շողերով ջերմացնում է շուրջբոլորը։

Ձմռան սառը շունչն եմ սիրում, ջինջ երկինքը, արեգակի ջերմ շողերի տակ հալվող ձյան փաթիլները, այն փաթիլները, որոնք իրենց հետ մաքրություն են բերում։

Հմայիչ տեսք ունեն Շահումյանի հուշակոթողները, խաչքարերն ու մատուռները, որոնց նկատմամբ դժվար է անտարբեր մնալ։ Վայրեր, որոնց մեջ Աստված է ապրում։ Այդ նույն Աստծո կամոք էր, որ տարիներ առաջ Շահումյանում ծնվել են իրենց հողին արժանի զավակներ՝ հայոց այբն ու բենը զարդարող Մարո Մարգարյանը, աստղերի լեզվով խոսող Բենիկ Մարգարյանը, Վահան Միրաքյանը, համաշխարհային ճանաչում ձեռք բերած Մելիք Փաշաևը և այլոք…

Այսօր էլ շենանում է, գեղեցկանում, ծաղկում ու փթթում է իմ գյուղը, և ես համոզված եմ ու հավատում եմ, որ մի օր անպայման լույս կբացվի իմ գյուղի վրա, որ բազում լքված տների օդոցներից ծուխ կհառնի վեր և նույն տներից ներս կդրվեն մանկանց օրոցքներ։

Աստված վկա, մոտ է այդ օրը։

Թողնել պատասխան