Աբխազական կողմն արձագանքում է Փաշինյանի հայտարարությանը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակորեն պաշտպանել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, միասնությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և ժողովրդավարությունը։ Արևմուտքի ազդեցության տակ Հայաստանի ներկայիս իշխանությունը հայտարարություններ է անում, որոնք դեմ են անկախ պետություն ստեղծելու իրավունքի համար աբխազ ժողովրդի ընտրած ուղուն»,- netgazeti.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Աբխազիայի դե ֆակտո նախագահը:

Միևնույն ժամանակ, Բժանիան Փաշինյանին հիշեցրել է, որ «Աբխազիան հարգանք է ցուցաբերում ողջ հայ ժողովրդի նկատմամբ». «Այսօր Աբխազիայի հայ համայնքը ներկայացված է կառավարության կենտրոնական և տեղական կառույցներում, պետությունն աջակցում է հայոց լեզվին և մշակույթին, իսկ հայկական եկեղեցու կառույցներն ազատ են գործում։ Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղահայությանը, որն իր վարած քաղաքականության արդյունքում բախվեց պետականության կործանման և հայրենիքից զանգվածային հեռանալու ողբերգությանը»:

Բժանիան Հայաստանի իշխանություններին կոչ է անում հրաժարվել «ներարկվող» հռետորաբանությունից և սեփական արտաքին քաղաքականություն վարելիս հաշվի առնել փաստացի իրավիճակը։

Ի դեպ, նոյեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ 

Հայաստանը միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Փաշինյան