Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Ջինճարաձեն ասել է, որ ցուցարարներին օգնելու նպատակով գումար հավաքելու համար կօգտագործի Մեծ Բրիտանիայում բացված բանկային հաշիվը, որը թույլ կտա ավանդներ կատարել ինչպես ֆունտ ստեռլինգով, այնպես էլ եվրոյով։
Ըստ նրա՝ այս հաշիվը սառեցնելն անհնար կլինի։ Նրա խոսքով, հաջորդ քայլը կլինի վստահելի կամավորների խմբի հավաքագրումը, որոնք կաշխատեն միջոցների մոբիլիզացման և առցանց համակարգի մշակման վրա։
«Ակնհայտ է, որ Վրաստանում գրանցված միջոցների առգրավումը և տների խուզարկումը նշանակում են, որ մենք պետք է ավելի ակտիվ լինենք և անենք ամեն ինչ Իվանիշվիլիին (Բիձինա — հեղ.) պաշտոնանկ անելու համար… Հիմնադրամը կօգնի քաղաքացիներին վճարել բողոքարկված տուգանքները: Այս հիմնադրամը չի կարող առգրավվել, քանի որ բանկային հաշիվը կլինի Անգլիայում», — Facebook սոցիալական ցանցում գրել է Ջինճարաձեն:
«Վրացական երազանք»-ի կառավարության կողմից ցուցարարներին օգնելու գործում ներգրավված ՀԿ-ների և հիմնադրամների հաշիվները առգրավելուց մի քանի շաբաթ անց` ապրիլի 29-ին, դատախազության աշխատակիցները խուզարկել են այդ կազմակերպությունների ղեկավարների բնակարանները։ Նրանց բնակարաններից առգրավվել են համակարգչային սարքավորումները:
Հիշեցնենք. ապրիլի 29-ի առավոտյան քննչական ծառայության աշխատակիցները մտել են հեռուստահաղորդավար և «Նանուկայի հիմնադրամ»-ի հիմնադիր Նանուկա Ժորժոլիանիի, ակտիվիստ Մարիամ Բաջելիձեի, «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ալեկո Ցքիտիշվիլիի և «Միմյանց համար 24/7» հիմնադրամի հիմնադիր Գուգա Խելաիայի բնակարանները։
Քաղհասասարակության պնդմամբ` ապրիլի 29-ի առավոտյան կատարված խուզարկությունն ու առգրավումը «Վրացական երազանք»-ի կիրառած ահաբեկության ևս մեկ դրսևորում է և չի կարող գնահատվել որպես ողջամիտ քննչական միջոց՝ նույնիսկ օբյեկտիվորեն ընթացող հետաքննության ենթադրությամբ։
Ավելի ուշ դատախազության մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որից պարզ դարձավ, որ խուզարկությունը կատարվել է «սաբոտաժ» հոդվածով հարուցված քննության շրջանակներում։ Ըստ դատախազության հայտարարության՝ «այս հիմնադրամներն ու ոչ կառավարական կազմակերպությունները մասնակցել են հասարակական կարգի դեմ ուղղված ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց և նրանց ընտանիքների անդամների ֆինանսական ապահովմանը, նաև օրինախախտներին նշանակված վարչական տուգանքների վճարմանը»։
Ուշագրավ է նաև, որ «սաբոտաժ և թշնամական գործունեությանը օժանդակություն» որակմամբ հարուցված գործի շրջանակներում այս տարվա մարտի 17-ին քննչական մարմնի պահանջով առգրավվել են այն հիմնադրամների և կազմակերպությունների հաշիվները, որոնք վճարում էին եվրոպամետ հանրահավաքների մասնակիցների տուգանքներն ու հոգում կարիքները։ Գործը հարուցվել է փետրվարին «Միացյալ չեզոք Վրաստան» շարժման վերաքննիչ բողոքի հիման վրա։
«Միացյալ չեզոք Վրաստան»-ը հիմնադրվել է 2024 թվականի հուլիսի 10-ին և կրկնում է իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի ուղերձները։