Վրաստանը չի հրավիրվել Վարշավայում կայանալիք ԱԳ խորհրդի նիստին

Վարշավայում, որտեղ երեկ տեղի է ունեցել Եվրամիության արտաքին գործերի խորհրդի ոչ պաշտոնական նիստը, հրավիրված են միության անդամակցության բոլոր թեկնածու երկրները, բացառությամբ Վրաստանի։

Formula լրատվամիջոցի հարցին, թե ինչու Վրաստանը չի հրավիրվել վերոնշյալ նիստին, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ այդ որոշումը պայմանավորված է «Վրացական երազանք»-ի կողմից եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու քայլով։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել նաև «Վրացական երազանք»-ի` «սեփական հասարակության դեմ ուղղված գործողությունների» վերաբերյալ։

«Իհարկե, մենք ցավում ենք, որ Վրաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Վարշավայում կայանալիք մեր ոչ պաշտոնական հանդիպմանը, սակայն դա պայմանավորված է բացառապես Վրաստանի կառավարության անձնական որոշմամբ, որը կասեցրեց Եվրամիությանն ինտեգրման գործընթացը անցյալ տարվա նոյեմբերին։ Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում Վրաստանի կառավարության կողմից սեփական հասարակության դեմ ձեռնարկած գործողությունների վերաբերյալ։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք ամուր կանգնած մնալ վրաց ազգի կողքին։ Մենք պատրաստ ենք աջակցելու նրա պայքարին ժողովրդավարության և եվրոպական հասարակությանը համապատասխանող արժեքների համար», — Formula-ին հայտնել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունից։