Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալիի (հարավային Օսիա) շրջանների դե ֆակտո նախագահներ Բադրա Գունբան և Ալան Գագլոևը Մոսկվայում մասնակցում են նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։
Գունբան Մոսկվայում է կնոջ՝ Իրմա Խաշիգի հետ։ Մայիսի 10-ին նախատեսված է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախատեսվում է «քննարկել աբխազա-ռուսական համագործակցությանն առնչվող ընդգրկուն հարցեր»:
Պուտինը և Գունբան արդեն հանդիպել են 2025 թվականի մարտին։ Նրանց երկրորդ հանդիպումը կկայանա Գունբայի կողմից օկուպացված Աբխազիայում անցկացված «ընտրություններում» հաղթանակ տանելուց հետո, որի լեգիտիմությունը, Վրաստանի հետ մեկտեղ, չեն ճանաչում ՄԱԿ-ի գրեթե բոլոր անդամ պետությունները։
Գագլոևին ուղեկցում են դե ֆակտո պաշտպանության նախարար Ինալ Սաբանովը և Մամուլի ու տեղեկատվության կոմիտեի դե ֆակտո ղեկավար Մարիա Կոտաևան։ Գագլոևը ևս մայիսի 10-ին կհանդիպի Պուտինի հետ։
Կրեմլի տվյալներով, 20-ից ավելի համաշխարհային առաջնորդներ ընդունել են Մոսկվայի միջոցառումներին մասնակցելու հրավերը, չնայած մինչև վերջին րոպեն հայտնի չէ, թե ովքեր կմասնակցեն, իսկ ովքեր՝ ոչ։
Սպասվում է, որ մասնակիցների թվում կլինեն մի շարք նախկին խորհրդային հանրապետությունների, նաև Բոլիվիայի, Կուբայի, Վենեսուելայի, Լաոսի, Բրազիլիայի և այլ երկրների ղեկավարներ։
ԵՄ երկրներից միջոցառումներին կմասնակցի միայն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որ նախկինում քննադատական մեկնաբանություններ է արել Ուկրաինայի մասին։
Ուշադրության կենտրոնում կլինի Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որը դարձել է Մոսկվայի գլխավոր դաշնակիցը Ուկրաինայի դեմ պատերազմում։
Մայիսի 8-ին Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո ստորագրեցին համատեղ հայտարարություն, որը «ավելի է խորացնում» երկու երկրների միջև գործընկերությունը։