Սաակաշվիլին՝ 2008-ի պատերազմի մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձ է հրապարակել օգոստոսյան պատերազմի 11-ամյակի կապակցությամբ:

«Այսօր արդեն 11-րդ տարին է, երբ բազում սադրանքներից, զինված բախումներից, միջազգային քարոզչությունից, կիբերհարձակումներից, տնտեսական էմբարգոներից հետո, Պուտինն իր ամբողջ զինուժով լայնամասշտաբ հարձակում գործեց Վրաստանի վրա: Ինձ համար 2008-ի օգոստոսի պատերազմը ողջ Վրաստանի պատմության մեջ ամենանշանավոր տարեթվերից մեկն է, այն իսկական հերոսական պատում է: Գիորգի Անծուխելիձեն, Շինդիսիի հերոսները, շարքային քաղաքացիները, ովքեր ցուցաբերեցին անհավատալի քաջություն և ողջ վրաց հասարակությունը, շատ քիչ բացառություններով, մեկ բռունցքով դառնալով, միասին կանգնեցին, կենդանի շղթա կազմեցին ողջ Վրաստանով, չփախան, չհեռացան, չվախեցան և պաշտպանեցին իրենց երկիրը», — ասում է Միխեիլ Սաակաշվիլին:

Նախկին նախագահն ասում է, որ 2008-ին Պուտինի Ռուսաստանը ի վիճակի չեղավ իրականացնել ռազմավարական որևէ խնդիր՝ չկարողանալով փոխել Վրաստանի արտաքին քաղաքականությունը, տապալել կառավարությունը և ջարդել վրաց ժողովրդին: Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ Վրաստանը գոյատևել է իր հերոսների անհավատալի ջանքերով և իր ժողովրդի միասնականությամբ ու քաջությամբ: