Չգիտեի, որ ԹՊՀ-ի բժշկական ֆակուլտետի լավագույն ուսանողն եմ. Սամվել Վարդանյան

«Կանչեցին դեկանատ, մի պահ վախեցա, հետո հայտնեցին, որ լավագույն ուսանող եմ ճանաչվել, մեծ անակնկալ էր ինձ համար»։

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ Սամվել Վարդանյանը ճանաչվել է ֆակուլտետի ամենաբարձր թվանշաններ ունեցող ուսանող, համալսարանի ավարտական արարողության օրը պարգևատրվել համալսարանի ռեկտորի կողմից:

Սամվել Վարդանյանը Նինոծմինդայից է, սերը բժշկության հանդեպ առաջացել է մանկուց, մայրը բուժաշխատող է, սակայն ինքը բժշկական ֆակուլտետ որոշել էր ընդունվել էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված՝  վրաց լեզվի ուսուցման նախապատրաստական կուրսում:

«Բժշկականը շատ էի սիրում, բայց տատանվում էի, մտածում էի իրավաբանական ընդունվել: Այս պահին գոհ եմ, որ ընտրել եմ բժշկականը: Արդեն 7 տարի՝ նախապատրաստական կուրսը ներառյալ, սովորել եմ, շարունակելու եմ ռեզիդենտուրայում, եթե ընտրեմ վիրաբուժությունը՝ կսովորեմ ևս 4 տարի »,- ասում է Վարդանյանը: 

Ամփոփելով սովորած տարիները, Սամվելը պատմում է ամենատպավորված օրերից մեկի մասին՝ երբ համալսարանի դեկանատից կանչել էին հայտնելու, որ ամենաբարձր GPA ունեցող ուսանողն ինքն է: Ասում է՝ սկզբում չէին ասել թեման, որի շուրջ զրուցելու էին, ինչը և անհանգստացրել էր նրան:

Պարգևատրման օրը, երբ հնչեց Սամվել Վարդանյանի անունը, ներկա գտնվող 3000-ից ավելի հյուրերը ծափահարություններով ողջունեցին նրան, իսկ պարգևը՝ պատվոգիրն ու նվերը ստանալուց հետո՝ Սամվելի հետ միասին Հիպոկրատի երդումը կարդացին բժշկական ֆակուլտետի բոլոր շրջանավարտները:

Սամվելն ասում է՝ առջևում դեռ շատ հաղթանակներ կան՝ այդպիսի հաղթանակ էր 2-րդ կուրսից ի վեր կրթաթոշակ ստանալը, աշխատելը որպես բժշկի օգնական օնկոլոգիական բաժնում, համալսարանն ավարտելուց հետո՝ աշխատելը որպես կրտսեր բժիշկ: Առջևում է դեռ ուսման շարունակությունը, վերադարձը Ջավախք ու գործունեության շարունակությունը: