Բողոքի ցույց Երևանում` Վրաստանի դեսպանատան առջև

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ցույց է ընթանում, տեղեկացրել է yerkir.am-ը:

Տեղեկության համաձայն` տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։

Ռուսաստան տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցրել են, մեքենաներից հանել են մաքսային կնիքները և անհասկանալի նպատակով իրականացրել են նմուշառում լաբորատոր փորձաքննության համար։ Արտադրող ու արտահանող ընկերությունների սեփականատերերը հիշեցնում են, որ  Վրաստանը տարանցիկ երկիր է,  և անհասկանալի է, թե ինչու են այնտեղ որոշել հայկական ալկոհոլը լաբորատոր ստուգումների ենթարկել։ Իրենց բողոքի ձայնը տեղ հասցնելու նպատակով նրանք հավաքվել են ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց։