Եվրախորհրդարանում կքննարկվի Սաակաշվիլիի հարցը

Մարտի 14-ին Եվրախորհրդարանում կքննարկվի Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հարցը։

Քննարկումը նշանակված է տեղական ժամանակով ժամը 16:30-17:00-ին։

Քննարկումը, մասնավորապես, վերաբերելու է Սաակաշվիլիին, ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային և Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի պատգամավոր Ալեքսեյ Գորինովին։

Հարկ է նշել, որ Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, որը Վրաստանում երկու քրգործով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, երկիր է վերադարձել 2021 թվականի սեպտեմբերի վերջին։ Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ տեղական ինքնակառավարման ընտրությունների նախորդ օրը։ Նրա դեմ գործ է հարուցվել պետական ​​սահմանն ապօրինի հատելու հոդվածով, գործը գտնվում է դատական ​​քննության փուլում։

Հիշեցնենք նաև, որ Կրեմլի հակառակորդ Վլադիմիր Կարա-Մուրզային ձերբակալել են ռուս իրավապահները 2022 թվականի ապրիլին։ Հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ն նրան շնորհել է Վացլավ Հավելի անվան մրցանակ՝ ժողովրդավարական և խաղաղ Ռուսաստանի ստեղծմանն ուղղված խիզախության և հաստատակամ պայքարի համար։