Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել «Վրացական երազանք»-ի կառավարությանը ազատ արձակել եվրոպամետ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածներին։ Իր ֆեյսբուքյան էջում նա հրապարակել է եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված մարդկանց մասին տեսանյութեր։ Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, Վրաստանի հինգերորդ նախագահը և քաղաքացիական հասարակության մի մասը կալանավորվածներին համարում են քաղբանտարկյալներ։
Կվիրիկաշվիլիի խոսքով՝ այդ մարդկանց ազատ արձակումը «թուլության դրսևորում» չէ և «կօգնի մեղմել հասարակության շրջանում լարվածությունը»։
«Հավատացեք ինձ, նրանց բանտում գտնվելը, նրանց և նրանց ընտանիքների կյանքը տառապալից դարձնելը այն չէ, ինչից ուրախանում է հասարակության մեծամասնությունը, այդ թվում՝ ձեր կողմնակիցների մեծ մասը, ինչը նրանք, հավանաբար, ուղիղ չեն ասում ձեզ։
Այս քայլը կատարելը թուլության դրսևորում չէ, ավելին, դա անհրաժեշտ է անել հատկապես այն համատեքստում, երբ իր իշխանությունը չարաշահած ոչ ոք չի պատժվել։ Մեր հասարակության համար նման կոշտությունը և մարդկային փոխզիջման բացառումը, որը դուք փորձում եք ցուցադրել, ո՛չ բնական է, ո՛չ էլ ընդունելի։ Մենք չենք կարող իրավական պետություն կառուցել այդպես կոշտ և միակողմանի, սա միայն կնպաստի անարդարության զգացողության և բացասական լիցքերի կուտակմանը։ Կատարեք այս քայլը, սա միայն դրական արդյունքներ կբերի երկրին և կառավարությանը», — գրել է Գիորգի Կվիրիկաշվիլին։