Ռուսթավելիի պողոտան փակ է. բողոքի ցույցերի 168-րդ օրն է

Տեղեկության համաձայն, այսօր՝ մայիսի 14-ին, եվրոպամետ բողոքի ցույցերի 168-րդ օրը, ոստիկանությունը Թբիլիսիի խորհրդարանի շենքի  մոտ հավաքված ցուցարարներին որոշ ժամանակ թույլ չի տվել փակել Ռուսթավելիի պողոտան, սակայն հետո` մոտավորապես ժամը 21:30-ին, ճանապարհը փակվել է ցուցարարների թվի ավելանալուց հետո։

Կարճ ժամանակով ոստիկանները՝ պարեկային ոստիկանության աշխատակիցները, երկշերտ պատնեշ են կազմել մայթեզրի երկայնքով։ Ցուցարարները հայտնել են, որ ոստիկանությունը թույլ չի տվել իրենց անցնել ճանապարհի երթևեկելի հատված։

2024 թվականի նոյեմբերի 28-ից անցել է ավելի քան հինգ ամիս. այս ընթացքում նոր ընտրություններ անցկացնելու և  քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ցույցերը մինչև օրս շարունակվում են։

Բողոքի ցույցերը սկսվել էին «Վրացական երազանք»-ի կայացրած որոշումից հետո, ըստ որի՝ Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի հարցը օրակարգում չի լինի մինչև 2028 թվականը։