«Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է «Բացահայտիր ատելության խոսքը քո համայնքում» նախագծի շրջանակներում անցկացված մրցույթի մասնակիցների էսսեները: Մրցույթի շրջանակներում «Ալիք Մեդիա»-ն ստացել է մի շարք գործեր, որոնցից խմբագրակազմն ընտրել է լավագույն հինգը` կայքում հրապարակման համար: Մրցույթը նախատեսված էր «Բացահայտիր ատելության խոսքը քո համայնքում» դասընթացների շրջանավարտների համար: «Ալիք Մեդիա Վրաստան»-ը պատասխանատվություն չի կրում էսսեների բովանդակության համար, տեքստում նշված կարծիքը կարող է չհամընկնել մեր խմբագրակազմի կարծիքին:
Վրաստանը բազմազգ երկիր է, և Մառնեուլին այս շրջաններից մեկն է, որտեղ միասին ապրում են հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ։ Բազմազանությունն ինքնին լավ և օրինակելի բան է, սակայն միևնույն ժամանակ պահանջում է պատասխանատվություն։ Երբ մարդիկ չեն հասկանում միմյանց կամ չեն հարգում միմյանց, առաջանում են օտարացում, անվստահություն և վերջնական արդյունքում՝ ատելության լեզու։ Դրան գումարվում է փոխադարձ կապի բացակայությունը, ինչը ևս խոչընդոտում է տարբեր էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանը։ Թեև հազվադեպ, սակայն Մառնեուլիում եղել են դեպքեր, երբ տարբեր ազգության մարդիկ չեն վստահել միմյանց կամ վատ են խոսել միմյանց մասին ազգային պատկանելության հիմքով։
Սոցիալական ցանցերում հաճախ հանդիպում ենք վիրավորական մեկնաբանությունների հայերի, ադրբեջանցիների կամ վրացիների վերաբերյալ, և հիմնականում մեկ այլ ազգության անձի կողմից՝ մյուս ազգության դեմ, էթնիկ պատճառներով։ Որոշ դեպքերում օգտագործվում են խոսքեր, որոնք կարծես արտահայտում են մարդկանց մտահոգությունը, բայց` սխալ ձևով։ Պատմեմ մի դեպք, որպեսզի ավելի հստակ պատկերացվի, թե ինչպես է տարածվում ատելությունը։ 2021 թվականին Մառնեուլիի մունիցիպալիտետի մի գյուղում հայ բնակիչները հարսանիքի օրհնության համար հրավիրել էին հայ եկեղեցու քահանային, սակայն տեղի վրացի հոգևորականը հայտարարեց, որ «ոչ վրացական» եկեղեցուն այնտեղ տեղ չկա։ Այս դեպքը տարածվեց սոցիալական ցանցերում և առաջացրեց մեծ վեճ։ Կային մեկնաբանություններ, ինչպիսիք են՝ «օտարներին այստեղ տեղ չկա», իսկ հայերը արձագանքում էին՝ «մեզ ճնշում են մեր հայրենիքում»։
Նման դեպք եղավ նաև 2022 թվականին, երբ մի օգտատեր սոցիալական ցանցում գրեց. «Մառնեուլին ադրբեջանցիներինն է, հայերն այստեղ ինչ գործ ունեն»։ Այս մեկնաբանությունը մեծ բախում առաջացրեց. մարդիկ վիրավորում էին միմյանց, սպառնում և ընդհանրական ձևով խոսում բոլոր ազգերի մասին։ Մեկնաբանությունը հետագայում հեռացվեց, բայց դրա հետևանքները՝ վիրավորանքը, վախը և բաժանվածությունը, մնացին։ Նման իրավիճակներից հատկապես տուժում են երիտասարդները։ Նրանք դիտում են մեծահասակների վարքը, լսում են նրանց խոսքերը և կարծում, որ դա նորմալ է։ Բայց սա շատ վտանգավոր է։
Ատելության լեզուն բաժանում է մարդկանց, կործանում է վստահությունը և խոչընդոտում է խաղաղ համակեցությանը։
Ի՞նչ կարելի է անել։
Նախ և առաջ պետք է գիտակցել խնդիրը և խոսել դրա մասին բարձրաձայն։ Ոչ թե` գոռալով, այլ անկեղծորեն, միմյանց լսելով։ Դպրոցներում կարող են անցկացվել համատեղ դասեր, միջոցառումներ և հանդիպումներ, որտեղ տարբեր ազգության աշակերտներ կարող են բարեկամանալ և ավելի լավ ճանաչել միմյանց։ Երկրորդ. առաջնորդները՝ լինի քահանա, ուսուցիչ, թե համայնքի ղեկավար, իրենց խոսքով և վարքով օրինակ պետք է ծառայեն մյուսների համար։ Երրորդ. սոցիալական ցանցերում մենք բոլորս պետք է պատասխանատվություն կրենք։
Եթե ինչ-որ մեկը գրում է ատելության լեզվով, չպետք է աջակցենք նրան, այլ հակառակը՝ ցույց տանք, որ դա ընդունելի չէ։ Մառնեուլին մեր ընդհանուր տունն է։ Կարևոր չէ՝ հայ ես, վրացի թե ադրբեջանցի, մենք միասին ենք ապրում և կողք կողքի պետք է լինենք։ Եթե սովորենք հարգել միմյանց և խուսափենք ատելության լեզվից, ապա կունենանք օրինակելի, խաղաղ և միավորված հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը կունենա իր արժանապատիվ տեղը։
Հեղինակ՝ Վահագն Կարապետյան