Շփման գծում 3 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Գորիի մունիցիպալիտետի Խուրվաթելի գյուղի մոտակայքում ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչներն ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացիների, մայիսի 20-ին հայտնել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):

Ըստ ՊԱԾ-ի՝ նրանցից մեկն արդեն ազատ է արձակվել և գտնվում է կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքում։ Մյուս երկուսը, ըստ ՊԱԾ-ի, շարունակում են մնալ անօրինական կալանքի տակ։

ՊԱԾ-ը նշել է՝ քաղաքացիներին ձերբակալել են օկուպացիոն ուժերի ներկայացուցիչներն օկուպացված տարածքում։ ՊԱԾ-ի փոխանցմամբ՝ միջադեպի մասին տեղեկություն ստանալուց հետո ակտիվացվել է թեժ գիծը՝ Եվրամիության մոնիտորինգային առաքելության ներգրավմամբ։

«Վրաստանի օկուպացված տարածքներում, նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր ապակառուցողական գործողությունների համար պատասխանատվություն է կրում օկուպացնող տերությունը», — գրել է ՊԱԾ-ը։

Ռուսական օկուպացիոն ուժերը հաճախ են անօրինական կերպով ձերբակալում Վրաստանի քաղաքացիների, երբեմն՝ օկուպացիոն գծի մոտ, երբեմն՝ օկուպացված տարածքներում՝ շարունակական «սահմանազատման» պայմաններում։

Վրաստանի քաղաքացիների դաժան սպանությունների դեպքեր ևս գրանցվել են. 2023 թվականի նոյեմբերի 6-ին 58-ամյա Թամազ Գինտուրին մահացու վիրավորվել է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից անօրինական ձերբակալման փորձի ժամանակ, իսկ 33-ամյա Լևան Դոտիաշվիլին առևանգվել է։