Երեկվա օրը համառոտ. ապրիլի 18

Ապրիլի 18-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 74 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.49%։

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ վերջին տվյալներով իմունային շերտը երկրում կազմում է 85 տոկոս։

Վրաստանում իմունականխարգելման խորհուրդը կքննարկի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափն ընդունելու հարցը: 

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է մի շարք նախագծերի մասին։ Ըստ այդմ՝ Վրաստանում հունիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաներին տրվող նպաստի չափը կհասնի մինչև 150 լարիի (49 դոլար), այս տարի Վրաստանում կկառուցվի և կնորոգվի ընդհանուր առմամբ 800 դպրոց, մինչև 2025 թվականը բոլոր քաղաքները կունենան 24-ժամյա ջրամատակարարում։ 

Վրաստանում կմեկնարկի հողագործությամբ զբաղվող ֆերմերների օգնության ծրագիր։ Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական նշանակության հողերի սուբսիդավորման չափը սահմանվել է մեկ հեկտարի համար 300 լարի, որը ֆերմերները կկարողանան օգտագործել գյուղատնտեսական գործունեության նպատակով անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է արտաքին գործերի նորանշանակ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ՝ քննարկելու երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Հանդիպման հիմնական թեմաներից են եղել Վրաստանի եվրաինտեգրման արագացված գործընթացը և ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հարցաշարը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ խորհրդարանական պատվիրակության Ուկրաինա կատարած այցի ժամանակ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» մասին քննարկում չի եղել։ 

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Անի Ծիթլիձեի հրապարակած լուսանկարում երևում է, որ ինքը՝ Ծիթլիձեն և ՄԱՇ կուսակցության անդամներն Ուկրաինայում են։ 

Միացյալ ազգային շարժում» խմբակցության նախագահ Խատիա Դեկանոիձեն ասել է, որ «ինքը չի հասկանում, թե ինչու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասում, թե նոր պատժամիջոցների ռեսուրս չկա»։ Դեկանոիձեն ընդգծել է, որ ռեսուրս կա և կլինի նաև դրա վերաբերյալ համապատասխան օրինագիծ։ 

Ընդդիմադիր «Լելոյի» պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին ասել է, որ Վրաստանի կառավարության դիրքորոշումը պատժամիջոցների վերաբերյալ՝ նման է երկբևեռ խանգարման: Ըստ Սամադաշվիլիի՝  իշխանությունն իր հայտարարություններով շփոթեցնում է հանրությանը: 

Ըստ ՊԱԾ 2021 թվականի զեկույցի՝ «2021-ին Կրեմլն ակտիվորեն փորձում էր մեծացնել իր ազդեցությունն օկուպացված Աբխազիայի էներգետիկայի վրա»:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աբխազիայում ընթանում են Ռուսաստանի հարավային մասում տեղակայված ռուսական ռազմաբազայի հերթական զորավարժությունները։ Ռուս զինվորականներն այս անգամ հետ են մղում պայմանական հակառակորդի ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրթիռային հարվածները։ 

Վրաստանում Սուրբ Զատիկի գիշերը Թբիլիսիի մետրոն կաշխատի սովորականից ավելի երկար, մասնավորապես, ապրիլի 23-ի ժամը 12-ից մինչև ապրիլի 24-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, ավելին՝ այստեղ:

Եվ վերջում՝ ապրիլի 18-ի առուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,93 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի դիմաց պաշտոնական արժեքը կազմել է 3,0613 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 1,37 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,3053 լարի։