Զուրաբ Ջափարիձեն ձերբակալվեց

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Շվանգիրաձեն  «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամ Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված 20 հազար լարի գրավը փոխարինեց կալանքով։ Նրան ձերբակալեցին հենց դատարանի դահլիճում։

Այսօր՝ մայիսի 22-ին, դատական ​​նիստում դատավորը քննարկեց մեղադրողի միջնորդությունը՝ գրավը կալանքով փոխարինելու վերաբերյալ։

Զուրաբ Ջափարիձեն մեղադրվում է «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար։ Ապրիլի 16-ին դատավոր Նանա Շամատավան այդ առիթով Ջափարիձեի նկատմամբ սահմանել էր 20 հազար լարի գրավ. Ջափարիձեն հրաժարվել էր վճարել։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով` Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելը։ Սա պատժվում է տուգանքով կամ մինչև մեկ տարի ազատազրկմամբ։

Նշենք. այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ նիստից առաջ և դատավարության ընթացքում մեծ թվով ոստիկաններ էին մոբիլիզացված։

Ցուցարարներին թույլ չի տրվել մտնել դատարանի բակ, իսկ տեսախցիկներով լրագրողներին արգելվել է մասնակցել դատական նիստին։

Սկսվել է Զուրաբ Ջափարիձեի դատական նիստը. մոբիլիզացված են մեծ թվով ոստիկաններ