Վրացի երգիչ Էրեկլե Գեծաձեն Tbilisi Open Air ամենամյա փառատոնի համերգի ժամանակ ելույթ է ունեցել՝ օգտագործելով Ռուսաստանի դրոշը, ինչը ռուսական լրատվամիջոցները և Telegram ալիքները որակել են որպես «ռուսական եռագույն դրոշի հանդեպ վիրավորանք»։
«Ռուս իրավապահ մարմինների աշխատակիցները կգնահատեն Վրաստանում ռուսական եռագույն դրոշով «կատարված» ներկայացումը», — վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսական լրատվամիջոցները նշել են, թե վրացի երաժիշտ Գեծաձեն Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ վիրավորել է Ռուսաստանի դրոշը. «Երգիչը նախ ռուսական եռագույն դրոշը նետել է գետնին, ապա վերցրել և նետել աղբամանը: Դրանից հետո Գեծաձեն բնական կարիքների բավարարման (միզարձակում) իմիտացիա է բեմադրել»:
Զախարովայի խոսքով, դրոշը կմնա դրոշ` «անկախ նրանից, թե ոմն փսիխոպաթ ինչպես է վերաբերվում դրան»։
Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի համաձայն, Ռուսաստանի պետական դրոշը վիրավորելը պատժվում է մինչև մեկ տարի ազատազրկմամբ կամ նույն ժամկետով հարկադիր աշխատանքով։
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական հետաքննություն է սկսել Թբիլիսիում կայացած համերգի ժամանակ Ռուսաստանի դրոշը պղծելու միջադեպի վերաբերյալ։