Իլիա II-ը ցավակցել է Գուրիայում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը ցավակցություն է հայտնել Գուրիայում բնական աղետի հետևանքով երեք մարդու մահվան կապակցությամբ։

«Աղոթում ենք նրանց անմահ հոգիների համար, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոս հավիտենական հանգիստ շնորհի նրանց, իսկ նրանց ընտանիքի անդամներին ու հարազատներին ուժ շնորհի այս ցավը հաղթահարելու և հավատքի մեջ ամրապնդվելու համար»,- ասված է Վրաստանի պատրիարքարանի հանրային կապերի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«Թող Աստված խաղաղությամբ օրհնի Գուրիան, նրա բնակիչներին և ողջ Վրաստանը»,- կարդում ենք հրապարակված ցավակցական խոսքի մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին տեղի ունեցած տարերային աղետի պատճառով տուժել են Գուրիայի մունիցիպալիտետի բազմաթիվ գյուղեր։

Գուրիայի շրջանում առատ տեղումների պատճառով գետերի հունը վարարել է, տեղի են ունեցել սողանքներ, վնասվել են բնակելի տներ, կամուրջներ, գյուղերին կապող ճանապարհներ։