«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր՝ մայիսի 27-ին, լրատվամիջոցների հետ զրույցում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անունից Վրաստանի ժողովրդին հղված Անկախության օրվա շնորհավորանքին:
Կոբախիձեն ասել է, թե «այս դեպքում պարզ դարձավ, որ Պետդեպարտամենտին ուղղորդող առավելություն, գերիշխող դիրք ուներ Deep State-ը»: Կոբախիձեի գնահատմամբ՝ «առանց հասցեատիրոջ շնորհավորանքները» արտացոլում էին ԱՄՆ-ի «ամբարտավան վերաբերմունքը», որի համար, ըստ Կոբախիձեի, «որևէ հիմք չկա»։
«Սա բյուրոկրատիայի մեջ խրված համակարգ է, պայքար է ընթանում։ Վստահ եմ, որ տիկին Ռոբին Դաննիգանը (Վրաստանում ԱՄՆ դեսպան — հեղ.) իսկապես ցանկանում էր մասնակցել մայիսի 26-ի միջոցառմանը, բայց նրան թույլ չտվեցին դա անել հենց Deep State-ի ազդեցության պատճառով։ Deep State-ի ազդեցությունը հստակ զգացվում է տարածված հայտարարության մեջ։ Սա այսօրվա իրականությունն է, նման շնորհավորանքները մեզ համար ոչ մի արժեք չունեն», — ասել է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետը:
«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետը հայտարարել է, որ ինքը «հույս ունի, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կհաղթի Deep State-ին։ Սա անհրաժեշտ է վրաց-ամերիկյան հարաբերությունների վերականգնման համար»։
Վերջին տարիներին «Վրացական երազանք»-ը մշակում է «գլոբալ պատերազմի կուսակցության» (այս հայեցակարգը հետագայում անվանվեց Deep State) մասին դավադրության տեսություն և գործում դրա հիման վրա։
ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում մայիսի 26-ին հրապարակված հայտարարության մեջ Ռուբիոն նշել է, որ ավելի քան երեսուն տարի բարեկամությունն ու գործընկերությունը կառուցվել են ժողովրդավարության, ինքնիշխանության և ավելի լավ ապագայի ձգտման ընդհանուր արժեքների վրա։
«Այս օրը մենք նշում ենք վրաց ժողովրդի ուժն ու դիմացկունությունը, մեր ամուր կապերը։ Վրաց ժողովրդի սերն ու նվիրվածությունը ազատությանն ու անկախությանը ոգեշնչող են», — ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը այնպիսի գործընկերության, որը համապատասխանում է Վրաստանի անվտանգ և բարգավաճ ապագայի ձգտումներին։
Հիշեցնենք. 2024 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգները կասեցրեց Վրաստանի հետ իր երկարատև ռազմավարական գործընկերությունը։ Մինչ այդ, «գործակալների օրենք»-ի և «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների կեղծ մեղադրանքների վրա հիմնված հակաարևմտյան հռետորաբանության պատճառով, Միացյալ Նահանգները Վրաստանի կառավարությանը բազմիցս կոչ էր արել վերադառնալ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուղի։
Պետդեպարտամենտը ռազմավարական գործընկերությունը կասեցնելու որոշման մասին հայտարարեց 2024 թվականի նոյեմբերի 30-ին՝ երկու օր անց այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ի կառավարությունը որոշեց մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չներառել Եվրամիությանը անդամակցելու բանակցությունների մեկնարկի հարցը և դրա պատճառով սկսված ցույցերի մասնակիցների դեմ սկսեց ուժ կիրառել:
«Վրացական երազանք»-ի կառավարությունը հույս ուներ, որ նախագահ Դոնալդ Թրամփը կփոխի նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությունը։