Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի՝ ԵՄ թեկնածու երկրների ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ արտահերթ նիստում, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը գնահատել է Վրաստանի իրավիճակը և ասել, որ «Վրաստանի՝ անդամակցության ուղի վերադառնալու հարցը պետք է քննարկվի միայն այն դեպքում, եթե երկրի իշխանությունները համոզիչ քայլեր ձեռնարկեն ժողովրդավարական հետընթացը կանխելու համար»։
«Վրաստանը հստակ հիշեցնում է, որ ԵՄ ճանապարհին կարող են լինել հետընթացներ։ Եվ երբ մենք սկսում ենք թեկնածուի կարգավիճակ տրամադրել որևէ երկրի, դա ավտոմատ կերպով չի նշանակում, որ ԵՄ ուղղությամբ առաջընթացն ավտոմատ կերպով կհետևի», — ասել է նա:
Կոսը թվարկել է այն օրենքները, որոնց ընդունումը վկայում է ժողովրդավարական հետընթացի մասին. «Մինչ հազարավոր մարդիկ երթեր են անում ԵՄ դրոշներով, իշխանությունները շարժվում են հակառակ ուղղությամբ։ Վրաստանի «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը լուրջ հետընթաց է երկրի ժողովրդավարության համար` հեռարձակման և դրամաշնորհների մասին օրենքների հետ միասին, և խարխլում է Վրաստանի ժողովրդավարական հիմքերը»:
Նա կրկնել է անցյալ շաբաթ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալայի հետ հրապարակված համատեղ նամակի կոչերը։
«Վրացական երազանք»-ի կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ՝ Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների օրակարգում ընդգրկումը հետաձգվել է մինչև 2028 թվականը. բանակցությունների մեկնարկը թեկնածուի կարգավիճակի հաջորդ քայլն է և Եվրամիությանը միանալու անհրաժեշտ փուլը։
Վերջերս «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները կրկնում են, որ Բրյուսելից Վրաստանի կառավարությանը դեմ է Deep State-ը, որը ցանկանում է երկիրը ներքաշել պատերազմի մեջ։ Deep State-ի գոյությունը և մտադրությունները փաստերով չեն հաստատվել։ Չնայած դրան՝ իշխող կուսակցությունը պնդում է, որ երկիրը չի շեղվել եվրաինտեգրման ուղուց և խոսում է ԵՄ առաջնորդների մոտեցումներում «երկակի ստանդարտների» մասին՝ դրանով իսկ ընդգծելով ԵՄ-ի «անարդար վերաբերմունքը» թեկնածու երկրների նկատմամբ։
Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստացավ 2023 թվականի վերջին։