Հարավային Օսիայում հաշմանդամություն ունեցողի սպանությունը՝ հանրային դժգոհության ալիք

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում դանակի հարվածից ստացած վնասվածքով հիվանդանոց տեղափոխված հաշմանդամություն ունեցող 38-ամյա Սոսլան Վալիևը երկուշաբթի երեկոյան մահացել է։ Սոցցանցում մեծ հնչեղություն է առաջացրել վերջինիս սպանությունը. Հարավային Օսիայի բնակիչները պահանջում են անհապաղ ձերբակալել մեղադրյալին։

Ըստ տեղեկությունների՝ Վալիևին դանակահարել են փողոցում։ Նշվում է, որ դե ֆակտո ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել կասկածյալի նկատմամբ։ Դե ֆակտո հանրապետության նախագահ Ալան Գագլոևը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել ուժային կառույցների ղեկավարների հետ և պահանջել անհապաղ ձերբակալել սպանության մեջ մեղադրվողին։

Մինչ այդ, դե ֆակտո ՆԳՆ-ն արդեն ձերբակալել էր միջադեպին մասնակից երկու անձի, իսկ սպանության մեջ մեղադրվող Գիորգի Սիուկաևի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։

Մի քանի ժամ անց ձերբակալվել է սպանության մեջ մեղադրվող Սիուկաևը, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել դիտավորյալ սպանության մեղադրանքով։