Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին ներկայացրել է իր զեկույցը խորհրդարանի լիագումար նիստում, որտեղ խոսել է երկրում ընթացող բողոքի ցույցերի մասին և նշել, որ 2024 թվականը հատկապես դժվար և հիշարժան էր իրավունքների խախտումների առումով։
«Իրավունքների խախտումները հիմնականում սկսվել են 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսների բողոքի ցույցերի ժամանակ։ Գարնանային բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բռնի գործողությունների համար իրավապահ մարմինների աշխատակիցներին պատասխանատվության չենթարկելը, նաև արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելը նախադրյալներ ստեղծեցին 2024 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2025 թվականի մարտի 1-ը բողոքի ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի և վատ վերաբերմունքի ավելի լայն կիրառման համար։
Ես անձամբ և իմ ներկայացուցիչները այդ ժամանակահատվածում այցելել ենք 422 մարդու, որոնցից 267-ը`, մոտավորապես 60 տոկոսը, հաղորդել են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։ Բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների հետ հարցազրույցներից ստացված տեղեկատվության հիման վրա կարելի է ասել, որ տարեցտարի ավելի վատ վերաբերմունքի միտում է նկատվում իրավապահների կողմից», — ասել է Իոսելիանին։
Նրա խոսքով` իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ծեծից և բռնությունից բացի, նույն ժամանակահատվածում տեղի են ունեցել քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների և հասարակական գործիչների նկատմամբ հետապնդումներ և բռնություններ անհայտ անձանց կողմից, կազմակերպված հեռախոսային սպառնալիքներ և բռնի անհանդուրժողականության տարբեր տեսակներ։
«Ցավոք, մինչ օրս որևէ իրավապահ մարմնի աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվել տարվա ընթացքում տեղի ունեցած բողոքի ցույցերի համատեքստում, մինչդեռ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված անձանց թիվը հասել է մի քանի հարյուրի», — ասել է Իոսելիանին։