Եվրախորհրդարանն այսօր քննարկելու է Վրաստանի հարցը, որից հետո կքվեարկվի Վրաստանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի 2023 և 2024 թվականների զեկույցները։
Հրապարակված բանաձևի նախագծում նշված է, որ Եվրախորհրդարանը կրկին հաստատում է իր համերաշխությունը վրաց ժողովրդին և անսասան աջակցությունը նրանց օրինական եվրոպական և եվրատլանտյան ձգտումներին և բարգավաճ ու ժողովրդավարական երկրում ապրելու ցանկությանը, «ինչը արտացոլվում է զանգվածային բողոքի ցույցերում, որոնք շարունակվում են՝ չնայած իշխանությունների կողմից դաժան ճնշումներին»։
«Եվրոպական խորհրդարանը շարունակում է հանձնառու լինել վրաց ժողովրդին այս նպատակներին հասնելու գործում աջակցելուն։ Խստորեն դատապարտում է բռնի ճնշումները, կամայական և քաղաքական դրդապատճառներով կալանավորումները՝ առանց բավարար իրավական հիմքի, և խաղաղ ցուցարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական հակառակորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համակարգված խոշտանգումները։
Պահանջում է, որ վրացական իշխանությունները զերծ մնան ուժի կիրառումից, հարգեն հավաքների և խոսքի ազատությունը և չեղյալ հայտարարեն վերջերս ընդունված դաժան օրենսդրությունը, որն ուղղված է հանրային բողոքների ճնշմանը։ Հատուկ մտահոգություն է հայտնում քաղբանտարկյալների թվի աճի վերաբերյալ և վերահաստատում է նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակման կոչը», — նշված է փաստաթղթում։