Երեկվա օրը համառոտ. ապրիլի 7

Ապրիլի 7-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 մլն 650 հազար 708-ի: Մեկ օրում արձանագրվել է 324 նոր դեպք: Վարակից մահվան դեպք չի արձանագրվել: Մինչև այս երկրում արձանագրվել է 16 հազար 765 մահվան դեպք:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) պատվաստումային վիճակագրության տվյալներով՝ ապրիլի 7-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 մլն 863 հազար 384 պատվաստում։ Ըստ NCDC-ի՝ 240 272 քաղաքացի պատվաստվել է խթանիչ (booster) դոզայով, ավելին՝ այստեղ:

NCDC-ի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում ասել է, որ «եթե որևէ արտառոց բան տեղի չունենա կորոնավիրուսի կենսաբանության և էվոլյուցիայի մեջ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ամենայն հավանականությամբ, այս տարի համավարակի ավարտի մասին կհայտարարի»։ 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բարեկամական և գործընկերային հարաբերությունները։ 

Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Իլիա Դարչիաշվիլին ՆԱՏՕ-ի նախարարական նիստի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում Դարչիաշվիլին հանդիպել է նաև թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքի անդամ երկրները պայմանավորվել են ավելացնել օգնությունը ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներին, այդ թվում՝ Վրաստանին ու Բոսնիա և Հերցեգովինային։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ  քաղաքապետարանը պատրաստ է մայրաքաղաքի ցանկացած հրապարակ անվանակոչել «Ուկրաինայի հերոսների» անունով։ 

Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդներ Դավիթ-Թարխան Մոուրավին և Իրմա Ինաշվիլին հանդիպումներ են անկացնում Ռուսաստանում: 

Վրաստանի ընդդիմադիր «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը Վրաստանի խորհրդարան է ներկայացրել Ուկրաինայում պատերազմի ու մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ բանաձևի նախագիծ։ Բանաձևի մասին մանրամասն՝ այստեղ: 

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հերքում է սոցցանցերում ակտիվ քննարկման առարկա դարձած Formula հեռուստաընկերության տարածած տեղեկությունը, ըստ որի Ստեփանծմինդա-Լարս մաքսակետը առանց համարանիշի ռազմական նշանակության մեքենաներ են հատել:

Թբիլիսիում, խորհրդարանի դիմաց անցկացվել է ակցիա-ներկայացում նվիրված Բուչայում և Ուկրաինայի այլ քաղաքներում զոհվածների հիշատակին։

Թբիլիսիի Օրբելիանիի շուկայում այսօրվանից կսկսվի Սուրբ Զատիկի տոնավաճառը։ Նշվում է, որ տոնավաճառը կգործի մինչև ապրիլի 24-ը։ 

Վրաստանում արդեն մեկ շաբաթ է, ինչ խոշոր սուպերմարկետներում ծխախոտի որոշ տեսակների պակաս կա: Իսկ ծխախոտի կրպակներում սուպերմարկետների վաճառասեղաններից անհետացած ծխախոտները գրեթե կրկնակի թանկ են։

Վրաստանի Զբոսաշրջության ազգային ծառայության տվյալներով՝ 2022 թվականի մարտին Վրաստանում գրանցվել է շուրջ 159,2 հազար զբոսաշրջային այցելություն, ինչը գրեթե 108 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներից։  

Վրաստանում 2022 թվականի ազգային միասնական քննություններին գրանցվել է ավելի քան 41 000 դիմորդ, որոնցից ամենաբարձր բալեր հավաքած դիմորդները ստանում են ուսումնական դրամաշնորհ՝ ուսման վարձի 100, 70 կամ 50 տոկոսի չափով (1+4 ծրագրով ընդունվողները կարող են ստանալ միայն 100 տոկոսի չափով):

Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին և ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության ընթացքին։ 

Եվ վերջում՝ ապրիլի 7-ի սակարկությունների արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,03 թեթրիով, ինչի արդյունքում պաշտոնական արժեքը կազմել է 3,0836 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 0,56 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,3577 լարի։